17 փետրվարի 2006 - 19:03 AMT
Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի` ԱՄՆ-ի եւ ԵՎրոպայի հետ հարաբերություններում
Երկաթգիծ կառուցելու իրավունք ունի յուրաքանչյուր երկիր: Ամբողջ հարցը նրանում է, թե որքանով է դա քաղաքականապես եւ տնտեսապես ձեռնտու: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի շինարարությունը ոչ միայն քաղաքաականապես ձեռնտու չէ Վրաստանին, այլ տնտեսական առումով նպատակահարմար չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Լրիվ հասկանալի է, որ այդ նախագծին աջակցում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Սակայն Վրաստանը, ըստ իս, չպետք է հետաքրքրված լինի Հայաստանի մեկուսացման մեջ եւ հենց Վրաստանը կարող է համոզել Թուրքիային հրաժարվել այդ նախագծից»,- նշել է նա:

Ինչպես նշել է Ս. Գրիգորյանը, Հայաստանը աննախդեպ հնարավորություն է ստացել կապող օղակ դառնալ Իրանի` ԱՄՆ-ի եւ ԵՎրոպայի հետ հարաբերություններում: «Իրան-Հայաստան գազամուղը, որը Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքով կարող է շարունակություն ստանալ դեպի Եվրոպա կարող է վերջ դնել Ռուսաստանի էներգապաշարների մատակարարման մենաշնորհին: ԵՄ երկրները հասկացել են, որ այդ մենաշնորհը վտանգ է ներկայացնում տնտեսության զարգացման համար, եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ը գոհունակությամբ է վերաբերվում Իրան-Հայաստան գազամուղին»,- ընդգծել է նա:

Նշենք, որ նոր Կարս-Ախալքալակ երկաթգծի երկարությունը կազմում է 98կմ, որոնցից 68կմ-ը անցնում է Թուրքիայի, 30կմ-ը Վրաստանի տարածքով: Նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 500մլն դոլար: Ծրագրված է, որ երկաթգիծը շահագործման կհանձնվի 2008թ.: