11 հուլիսի 2013 - 16:15 AMT
Գագիկ Գյուրջյան. Ադրբեջանը Նախիջևանում հայկական հուշարձանների հետք չի թողել

Նախիջևանում հայկական հուշարձանների հետք չի մնացել: ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց և ավելացրեց. «Հայաստանը ղարաբաղյան պատերազմի տարիներին պահպանել է Հաագայի կոնվենցիան և որևէ մզկիթ չի ավերել, մինչդեռ Ադրբեջանն ավերել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ՝ դրանք վերածելով մզկիթների»:

Իսկ հուշարձանները պահպանող ադրբեջանցի մասնագետների հետ չի հաջողվում որևէ կապ հաստատել, որովհետև Ադրբեջանը 2003-ից ԻԿՕՄՕՍ-ի անդամ չէ: Թուրքիան անդամ է, միացել է Հաագայի կոնվենցիային, բայց հայկական հուշակոթողների նկատմամբ այսօր էլ ջարդ է իրականացնում: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, ԻԿՕՄՕՍ-ին անդամակցությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ Թուրքիայում հայկական եկեղեցիների վերակառուցման նախագծերին:

«Հաագայի կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը կարող է դատի տալ Թուրքիային և Ադրբեջանին՝ իրենց տարածքներում գտնվող հայկական հուշարձանները ոչնչացնելու համար», - նկատեց Գյուրջյանն ու ավելացրեց, որ Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի: