Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի փորձագետները կհանդիպեն մարտի առաջին տասնօրյակում

PanARMENIAN.Net - Մարտի առաջին տասնօրյակում Ստամբուլում տեղի կունենա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի շրջանակներում փորձագետների հանդիպումը: Հանդիպման ժամանանկ կուսումնասիրվի փորձագետների կարծիքը նախագծի վերաբերյալ, այնուհետեւ ամփոփ տեսքով զեկույցը կներկայացվի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների քննարկմանը: Նախագծի արժեքը կազմում է 400 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ուղեկից ենթակառուցվածքները` 600 մլն դոլար: Կողմերից բացի ֆինանսավորմամբ շահագրգռված են Ասիական զարգացման բանկը, ճապոնական վարկային կառույցները: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է կառուցել Կարսի եւ Ախալքալաքի միջեւ 98 կմ երկարությամբ հատվածը, որից 68 կմ անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ` Վրաստանի: Բացի այդ, նախատեսվում է Ախալքալաքից մինչեւ Մարաբդի գոյություն ունեցող հատվածի կապիտալ վերանորոգում, որի երկարությունը 180 կմ է: Անհրաժեշտ է նաեւ նոր տերմինալի կառուցումը Վրաստանում, որը հնարավորություն կտա ընդունել օտարերկրյա վագոններ, քանի որ, վրացական ռելսերը նեղ են եւ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ըստ մասնագետների հաշվարկների, նախագծի իրականացման առաջին տարում ակնկալվում է 2-3 մլն տոննա բեռների տեղափոխում այդ երթուղով, այնուհետեւ այդ թիվը կարող է հասնել մինչեւ 5-8 տոննայի տարեկան, հաղորդում է «Էխո» թերթը: Նշենք նաեւ, որ Հայաստանը դեմ է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմանը, համարելով այդ նախագիծը տնտեսապես աննպատակահարմար, քանի որ այդ երկաթուղային ճյուղի կառուցումը իրականացվելու է ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---