Շարմազանով. Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանի կայունությանը

Շարմազանով. Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանի կայունությանը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարևորել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունում նկատվող դրական դինամիկան: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում:

Էդուարդ Շարմազանովը մեծապես կարևորել է միջազգային ասպարեզում փոխգործակցությունը և առավել ակտիվ ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում: Նա նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ շրջանակներում հայ խորհրդարանականները սերտորեն համագործակցում են նաև բելառուսցի գործընկերների հետ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հանդիպման ավարտին կողմերը նկատել են, որ առևտրատնտեսական փոխգործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես կառնչվեն երկկողմ տնտեսական համագործակցությանը և միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---