Orange Հիմնադրամի աջակցությամբ Ակնաբուժության նախագիծը մեկնարկում է Լոռու մարզում

Orange Հիմնադրամի աջակցությամբ Ակնաբուժության նախագիծը  մեկնարկում է Լոռու մարզում

PanARMENIAN.Net - Շարունակվում է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը: Ավարտելով աշխատանքը Կոտայքի ու Տավուշի մարզերում՝ հուլիս և օգոստոս ամիսներին բժշկական խմբերը կլինեն Լոռու մարզում, որտեղ կիրականացնեն անվճար ակնային զննումներ ու լազերային բուժումներ, իսկ սոցիալապես անապահով խմբերում ընգրկված մարդիկ հնարավորություն կունենան նաև անվճար վիրահատվել և ստանալ ակնոցներ: Լոռու մարզում նախատեսվում է հետազոտել ավելի քան 4,000 բնակչի, անցկացնել շուրջ 300 վիրահատություն և տրամադրել 1,700 ակնոց, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հուլիսի 8-ից 13-ը Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները կլինեն Թումանյանի, հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի և հուլիսի 24-ից 27-ը՝ Տաշիրի տարածաշրջաններում: Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում և Սպիտակում:

Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: «Այս տարվա վերջում մենք կարձանագրենք, որ շուրջ տասը տարիների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հաջողվել է Հայաստանի մարզերում իրականացնել հինգ լիարժեք շրջայց: Orange Հիմնադրամը միացավ մեզ 2011 թ.: Նկատում ենք, որ «Լույս հայի աչքերին» նշանաբառն արդեն ասոցացվում է նաև Orange Հիմնադրամի հետ, քանի որ այս տարիների ընթացքում, աջակցելով Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին, Հիմնադրամըմասնակից է լինում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործին: Այժմ աշխատում ենք Լոռիում, առջևում Շիրակն է և Արագածոտնը ՚ , - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8 մարզում ենք եղել, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կարողացել են անվճար ակնաբուժական օգնություն ստանալ: Երջանիկ ենք այս համագործակցության համար, քանի որ մեր ընկերության համար կարևոր է ոչ միայն իր բիզնես գործունեությունը, այլ նաև այն, թե ինչքանով կարող ենք օգտակար լինել երկրին ու հասարակության խոցելի անդամներին: Orange Հիմնադրամն իր առջև նպատակ է դրել իրական փոփոխություններ բերել այս մարդկանց կյանքում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---