Հուլիսի 24-ին` ժամը 15:15-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության գործով դատական նիստը:
2013 թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:
Դեռևս 2013 թ.-ի փետրվարի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին` խնդրելով հայտնել, թե ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին” համաձայնագրի շրջանակներում որ տեղեկությունների գաղտնիության աստիճանն է վերանայվել, ովքեր կարող են դիմել գաղտնազերծված տեղեկությունները ստանալու համար, գաղտնազերծված տեղեկությունները որ մարմնից կարելի է ստանալ, ինչպես նաև խնդրել էր տրամադրել 18.04.2011 թ. ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի պատճեն»:
ԱԱԾ-ն տրամադրել էր թերի պատասխան` ըստ էության չեր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած հարցերին, ինչպես նաև չէր տրամադրել խնդրված համաձայնագրի պատճենը: 2013 թ.-ի մարտի 7-ին տեղեկություն ստանալու գրավոր կրկնակի հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նորից էր դիմել ԱԱԾ-ին` սակայն կրկին ստացել էր նույն թերի պատասխանը:
ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը և պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն: