Տարածքային սեյսմիկ ծառայությունների ղեկավարները վերապատրաստվում են

Տարածքային սեյսմիկ ծառայությունների ղեկավարները վերապատրաստվում են

PanARMENIAN.Net - «Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական նախագիծի շրջանակներում, փորձի փոխանակման նպատակով, հուլիսի 2-18-ը Սոֆիա` Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Երկրաբանության, երկրաֆիզիկայի և աշխարհագրության գիտահետազոտական ինստիտուտ էին գործուղվել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի (ԼՂՀ) գործադիր տնօրեն Բ. Պետրոսյանը և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Բաղդասարյանը:

Նրանք ներկայացրել են բնակչության հետ տարվող աշխատանքների ոլորտին վերաբերող՝ «Ուժեղ երկրաշարժերից հետո սոցիալ-հոգեբանական հետևանքների վերացման մի շարք հիմնախնդիրներ», ինչպես նաև ուժեղ երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդրի ոլորտին առնչվող՝ «ԼՂՀ-ում իոնոսֆերային դիտարկումների փորձն ու արդյունքները» զեկույցները, որոնք արժանացել են ներկաների մեծ հետաքրքրությանը և փոխանցվել բուլղարական կողմին:

Միևնույն ժամանակ, հայ մասնագետներն այցելել են սեյսմիկ կայաններ և լաբորատորիաներ, ծանոթացել ԲԳԱ Երկրաբանության, երկրաֆիզիկայի և աշխարհագրության գիտահետազոտական ինստիտուտի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և ղեկավարների աշխատանքային փորձին, ուժեղ երկրաշարժերի դեպքում ազդարարման համակարգերի աշխատանքին և երկրաշարժի մասին տվյալների հաղորդման եղանակներին, Բուլղարիայում իրականացվող սեյսմակայուն շինարարության գործընթացին, ինչպես նաև բնակչության սեյսմիկ պաշտպանության բնագավառին առնչվող այլ խնդիրներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---