Քաղաքագետ. Հորադիզ – Ասլանդուզ ադրբեջանաիրանական անցակետի բացումն Իրանի հակաքայլն է Հայաստանի դեմ

Քաղաքագետ. Հորադիզ – Ասլանդուզ ադրբեջանաիրանական անցակետի բացումն Իրանի հակաքայլն է Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Հորադիզ – Ասլանդուզ ադրբեջանաիրանական անցակետի բացումն Իրանի հակաքայլն է Հայաստանի դեմ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում նախաստորագրելու հնարավորության համատեքստում: Կարծիքը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա հիմնավորեց. «Այս քայլը մեր դեմ է ուղղված, քանի որ այդ Ադրբեջանը չէ ԵՄ հետ սերտ կապեր հաստատում: Ադրբեջանն այստեղ ենթարկվող կողմ է և, հակառակը, վերջին շրջանում զգուշավոր է դարձել իր հայտարարություններում` ճիշտ գնահատելով Իրանի դերը մեր տարածաշրջանում»:

Իսկ Իրանը ոչ թե պրոռուսական, այլ հենց պրոիրանական քաղաքականություն է վարում, վստահ է քաղաքագետը, քանի որ Անդրկովկասն Իրանի հետաքրքրությունների ու շահերի շրջանակում է: Եվ այս երկրի իշխանություններն ուղղակիորեն ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում չի կարող որևէ առաջարկ ընդունվել, խնդիր կարգավորվել առանց իրենց համաձայնության:

«Իրանը տիպիկ արևելյան քաղաքականություն է վարում` ժպտալով մոտենում է ու դանակը հանում: Թարմացնում է հիշողությունները 1993 թվականի մասին, իսկ այս թվականին Հորադիզ – Ասլանդյուզ անցակետի հետ կապված 2 դեպք է պետք հիշել. Երբ Իրանը բացեց անցակետը և Ադրբեջանի զորամիավորումները կարողացան փախչել մեզնից և երբ Իրանը դարձյալ բացեց անցակետը, և մենք, կորցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Հորադիզի երկաթգծի կայարանը, նահանջեցինք», - ասաց Շաքարյանցը և ավելացրեց, որ Իրանն այս կերպ փորձում է հասկացնել ՀՀ իշխանություններին, որ մեր տարածաշրջանում ԵՄ-ն երբեք խնդիրներ չի կարգավորել և չի կարգավորի:

Քաղաքագետի խոսքով, այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իրանական կողմը դեռ կհասկացնի, երբ նա կմեկնի Թեհրան` մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: «Առանց փողկապերի հանդիպումների ժամանակ նախագահին իրանական կողմը կբացատրի, թե արդյոք նա ճիշտ է քայլում տարածաշրջանում», - ասաց քաղաքագետը` հավելելով, որ ադրբեջանաիրանական անցակետը հակամարտության գոտում է, այնտեղ բնակչություն չկա, անցակետ բացելն անիմաստ է, եթե չեն նախատեսում այդտեղով հստակ մարդկանց անցկացնել, չի բացառվում` զինվորականների:

 Ուշագրավ
---