2 օգոստոսի 2013 - 19:05 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը: