5 օգոստոսի 2013 - 18:41 AMT
Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները դիմել են ՄԻՊ

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները, ովքեր ակցիաներից հետո նստացույց են հայտարարել, այսօր դիմել են Մարդու իրավուքնների պաշտպանին: Կարեն Անդրեասյանը դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և խոստացել է բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին:

Միևնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: