ՀԽ Երիտասարդության ենթահանձնաժողով. Սպասվելիք 20-100 հազարի փոխարեն ուսվարձերը բարձրացել են 100 – 200 հազար դրամով

ՀԽ Երիտասարդության ենթահանձնաժողով. Սպասվելիք 20-100 հազարի փոխարեն ուսվարձերը բարձրացել են 100 – 200 հազար դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը նամակով դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

«Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը, մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով, մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել և ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին:

2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետևյալ բուհերում`Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան:

Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա և անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով:

Նախևառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա: Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար և արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը:

Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը և ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման և բարգավաճման գործընթացում «մարդկային կապիտալի» կարևորության մասին:

Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը: Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- նշված է նամակում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---