14 մարտի 2006 - 16:24 AMT
Հայերը չունեն որեւէ տարածքային հավակնություններ` իրենց իրավունքներից դուրս, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը
«Ղարաբաղը հայկական հող է: Հազարամյակներ շարունակ այդ հողի վրա ապրել են հայերը եւ պահպանել են իրենց ինքնիշխանությունը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով «Ազգ» թերթի ընթերցողների հարցերին: Նրա խոսքերով, այդտեղ կասկած չկա. այդ տարածքը երբեւէ Ադրբեջանի կազմում չի գտնվել եւ չի էլ լինի: «Հայերը չունեն որեւէ տարածքային հավակնություններ` իրենց իրավունքներից դուրս: Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել, չի կարող լինել, այն եղել է հայկական եւ մնում է հայկական: Առավել եւս, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունենալու բարոյական իրավունք չունի, քանի որ 90-ական թվականներին արդեն կորցրել է այն, երբ մի քանի անգամ փորձել է ռազմական ճանապարհով ճնշում գործադրել եւ նույնիս էթնիկ մաքրումներ կատարել Ղարաբաղում: Եթե հայերը չընդդիմանային, Ղարաբաղը այսօր գոյություն չէր ունենա»,- ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: