«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ. Շուկայի վերահսկողության տեսչությանը շուկայում առկա խնդիրները չեն անհանգստացնում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ. Շուկայի վերահսկողության տեսչությանը շուկայում առկա խնդիրները չեն անհանգստացնում

PanARMENIAN.Net - «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «ՀԿ կողմից իրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ լվացող և մաքրող միջոցները հիմնականում վաճառվում են առանց հայերեն մակնշման: Այսպիսով, հայ սպառողը ձեռք է բերում ապրանք՝ վերջինիս մասին չունենալով պատշաճ տեղեկատվություն (եթե իհարկե չի տիրապետում օտար լեզուների, այն դեպքւմ, երբ արտադրողների կողմից կիրառվում են խաբկանք առաջացնող մարքետինգային տարբեր հնարքներ): Վերջինիս պատճառը թերևս այն է, որ մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգում մակնշմանը ներկայացվող պահանջները չեն պարտավորեցնում ապահովել հայերեն մակնշումը»:

ՀԿ-ն դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը՝ ներկայացնելով խնդիրը և առաջարկելով տեխնիկական կանոնակարգում անրհրաժեշտ փոփոխության տարբերակ: Այսօր տարածված հաղորդագրությամբ ՀԿ-ն տեղեկացնում է, որ արդեն պատասխան է ստացել:

«Տեսչության պատասխանից (որում մասնավորապես նշվում է, որ գրության մեջ նշված փոփոխությունների կատարումը չի մտնում տեսչության իրավասությունների մեջ, և ավելի ճիշտ կլիներ այդ հարցով դիմել ստանդարտացման ազգային մարմնին՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին) պարզ է դառնում, որ վերոնշյալ տեսչությունում տեղյակ չեն, որ իրավասու են (դեռ ավելին պարտավոր են) հանդես գալու տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությամբ: Հաշվի առնելով, որ հենց վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում է պարզ դառնում այն իրավական ակտերի անհրաժեշտությունը, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտը և, որ վերոնշյալ տեսչությունը, որպես ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, նույնպես կարող է մտահոգվել խնդրով և հանդես գալ որպես նախաձեռնող կողմ՝ կազմակերպությունը, դրսևորելով բարի կամք, դիմել էր ոչ թե որոշումն ընդունող Կառավարությանը, այլ վերոնշյալ տեսչությանը: Սակայն պատասխանից կրկին պարզ է դառնում, որ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնին շուկայում առկա խնդիրները չեն անհանգստացնում:

Քանի դեռ նման պատասխանատու ոլորտների վերահսկողությունն իրականացվում է ոչ սրտացավ և ոչ պրոֆեսիոնալ չինովնիկների կողմից, ոլորտներում առկա խնդիրները չեն կարգավորվի, եթե իհարկե չլինի վերադասների խիստ հանձնարարական» ,- նշված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---