14 մարտի 2006 - 18:37 AMT
Հայաստանը ի վիճակի է կոտրել Թուրքիա-Ադրբեջան տանդեմը
Հայաստանը պետք առավելագույնս հեռանա պատմությունից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բարելավել հայ-թուրքական հարաբաերությունները: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ-փորձագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման մեջ մեղավոր է ՀՅԴ Դաշնակցությունը, որը այն ստորագրել է Հայաստանի Հանրապետության անունից:
«Հենց այն ժամանակ մենք բոլորս կորցրեցինք, եւ Կարսի պայմանագիրը, որ ստորագրվեց նույն թվականիի հոկտեմբերի 13-ին, միայն հաստատեց կորցրածը»,- նշեց նա: Նրա խոսքերով, դրա վերանայումից կամ դենոնսացիայից կողմերից ոչ ոք ոչինչ չի շահի: «Իսկ եթե մենք, կրկնում եմ, չանդրադառնանք պատմությանը, այլ սկսենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա ահավոր կթուլացնի Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում: Փաստորեն, Հայաստանը ի վիճակի է կոտրել Թուրքիա-Ադրբեջան տանդեմը»,- ընդգծել է Գրիգորյան:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրի համաձայն Թուրքիան համաձայնվեց Վրաստանին զիջել Բաթումի քաղաքն ու նավահանգիստը եւ Բաթումի շրջանի մաս կազմող տարածքը. «Նախիջեւանի շրջանը պայմանգրին կից քարտեզում նշված տարածքներում հանդիսանում է Ադրբեջանի գերիշխանության տակ գտնվող ինքնիշխանություն, այն պայմանով, որ Ադրբեջանը չի հանձնի տվյալ պրոտեկտորատը որեւէ երրորդ պետության: Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ ձեռնարկել քայլեր, որ անհրաժեշտ են այդ հանրապետությունների` Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում սույն պայմանագրի իրենց վերաբերող հոդվածների ճանաչման համար»: