14 մարտի 2006 - 19:35 AMT
Պատերազմը աղետ կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի համար
Պատերազմը աղետ կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Ըստ Ս.Մաննի, ոչ մի պատերամ չի լինի արագ եւ վճռական: «Բանակցությունները բարդ են, սակայն դրանք շարունակվում են»,-նշել է նա` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական կրկնական ընտրություններին 10 ընտրատարածքներում, որոնք կայանալու են 2006 թ. մայիսի 13-ին, Ֆրիդը նշել է, որ «ԱՄՆ-ն հիասթափված է նրանով, որ 2005 թ.նոյեմբերյան ընտրությունները ոչ այնքան դրական ընթացք ունեցան: Մենք կոչ ենք արել երկրի կառավարությանը կրկնական ընտրություններ անցկացնել այն ընտրատարածքներում, որտեղ մեծաթիվ խախտումներ են գրանցվել»,-նշել է նա: «Ուժեղ պետությունը պետք է ուժեղ ընդդիմություն ունենա, եւ մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ուժեղ պետություն լինի»,-ընդգծել է Ֆրիդը, հաղորդում է Day.az-ը: