17 օգոստոսի 2013 - 10:29 AMT
Ախալքալաքում մեկնարկել է Սբ Խաչ եկեղեցուն կից բակային ճամբարը

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ախալքալաքում մեկնարկել է Սբ Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարը: Ինչպես հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից, այն հովանավորվում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից: Ճամբարում այն երեխաներն են, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց ամառային հանգիստն անցկացնել Ջավախքից դուրս: Հայաստանից եկած տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողները ստանձնում են ջոկատավարների պարտականություները ու ծանոթացնում երեխաներին հայ ազգի և հայ եկեղեցու դարավոր պատմության հետ:

Ամեն տարի 100-200 երեխա ընդգրկվում է բակային ճամբարի առօրյայում՝ օրը սկսելով Սբ Խաչ եկեղեցում քահանայի պատգամ-հորդորով: Բակային ճամբարի շրջանակներում կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր՝ Ջավախքի մշակույթին ծանոթանալու նպատակով:

Այս տարի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նաև Գանձա գյուղում փորձնական մեկ շաբաթյա բակային ճամբար էր բացել մոտ 30 երեխայի համար: