2 սեպտեմբերի 2013 - 16:58 AMT
Վրաստանի վարչապետը հայտարարել է հարևան երկրների հետ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին

Տարածաշրջանային փոխհարաբերությունների առումով Վրաստանը պետք է խորացնի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշիվին, սեպտեմբերի 2-ին ելույթ ունենալով Թբիլիսիում դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ առաջին արտերկրյա այցերը նա կատարել է հենց այդ երկրներ և բարեկամական հարաբերություններ հաստատել այդ երկրների ղեկավարության հետ: Վարչապետը հորդորել է այդ երկրներում Վրաստանի դեսպաններին խորացնել ու զարգացնել բարիդրացիական հարաբերությունները:

Արտերկրում և միջազգային կազմակերպություններում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ավանդական ամենամյա հանդիպումն այս տարի ացնում է սեպտեմբերի 2-4-ը Թբիլիսիում:

Հուլիսին Թբիլիսիում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ավարտին Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ վրաց-հայկական հարաբերությունները գերակա են Վրաստանի կառավարության համար և կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Նա հատուկ նշել է այն պատմական, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ և վրաց ժողովրդներին:

2013թ. հունվարին Երևան այցելության ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի վրացահայերը իրենց զգան Վրաստանում ինչպես սեփական երկրում ու ինտեգրվեն վրաց հանրությանը: Նա խոստացավ նաև կատարել իր ընտրարշավի բոլոր դրույթները, որոնք վերաբերում են վրացահայերին:

«Վրաստանն ու Հայաստանը խնդիրներ չունեն: Ցավոք, կան և բարդ են մնում հարաբերությունները ՌԴ, ինչպես նաև աբխազ ժողովրդի հետ՝ մենք հուսով ենք, որ կվերականգնենք դրանք»,-ասել է Իվանիշվիլին՝ նշելով, որ խոսքը գնում է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Վրաստանի վարչապետը հայտնեց նաև, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական ճանապարհի հետ կապված հարցերը: «Մենք ունենք նման ցանկություն և պատրաստ ենք արագ լուծել այդ երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը»,-ասել է նա:

Աբխազական երկաթուղով Վրաստանի ու Ռուսաստանի միջև հաղորդակցությունը դադարեցվել է 1990-ականների սկզբին: Պատճառը Ինգուրի գետի վրայի երկաթուղային կամրջի պայթեցումն էր 1992 թվականին: