2 սեպտեմբերի 2013 - 23:28 AMT
Ինձնից հետո միությունը սոդոմ-գոմորի կվերածվի․ Մահացել է գրողների միության նախագահը

Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ, լրագրող, հրապարակախոս ու թարգմանիչ Լևոն Անանյանը։ Նա ծնվել է 1946-ի հոկտեմբերի 13-ին՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1968-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Անանյանն աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975-ին սկսել է աշխատել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին դարձել է դրա գլխավոր խմբագիրը։

1992-ին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։

2001 թ․-ին Լևոն Անանյանն առաջին անգամ ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ 2002 թ․-ից նաև ղեկավարում էր «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպությունը։ Գրել, կազմել ու խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով, նա նաև միջազգային երեք ակադեմիաների անդամ է։Անանյանը դասախոսում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

2005-ին վերընտրվել է միության նախագահի պաշտոնում։ 2008-ին Անայանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչում։ Երրորդ անգամ Գրողների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է 2009-ին, վերջին՝ չորրորդ անգամ, մեկ ամիս առաջ՝ հուլիսի 27-ին։

Միության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ասուլիսներից մեկի ժամանակ Անանյանն ասել էր, որ չի ցանկանում, որ իրենից հետո կառույցը փլուզվի, թեև կարծում է, որ այդ դեպքում այն սոդոմ-գոմորի կվերածվի: