Ուկրաինայի փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչների, հավանաբար, դուր է եկել Մաքսային միությանն անդամակցելուՀայաստանի որոշումը, իսկ ավելի շատ՝ ԵՄ կողմից այդ քայլի քննադատությունը: Քանի որ, ըստ այդ ներկայացուցիչների՝ կորցնելով Հայաստանը, ԵՄ-ն էլ ավելի շահագրգռված կլինի համագործակցել Ուկրաինայի հետ:
Մասնավորապես, ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն հայտարարել է, որ Մաքսային միությանն ինտեգրվելու վերաբերյալ Երևանի որոշումըշատ կարևոր է, քանի որ պայմանավորվածությունների արդյունքներից կախված կլինի Ուկրաինայի դիրքորոշումը: Ըստ նրա, հայկական նախադեպը շատ կարևոր է ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունների տեսակետից:
«Դա կարևոր է նաև ԵՄ արևելյան գործընկերության հեռանկարների տեսակետից: Հայաստանը նույնպես պատրաստվում էր Վիլնյուսի գագաթաժողովին, որտեղ պետք է նախաստորագրվի Ասոցացման մասին համաձայնագիրը: Եվ հիմա հետաքրքիր է, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Արդեն քննադատական դիտողություններ են հնչել Լիտվայի ներկայացուցչի կողմից առ այն, որ չի կարելի երկու միություններ համատեղել: Իրոք, կան տնտեսական հակասություններ՝ պետք է համաձայնեցնել վիճելի հարցերը: Բայց մենք դեռ չենք լսել Եվրահանձնաժողովի հայտարարությունը և չենք հասկանում, թե ուր է գնում Հայաստանը՝ կամ նա ստորագրում է պատրաստի համաձայնագիրը ԵՄ հետ, կամ հրաժարվում դրանից ու բանակցություններ սկսում Մաքսային միության հետ: Պուտինին Սարգսյանը խոստացավ, որ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը չի ստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը: Եվ այս դեպքում Ուկրաինան հետաքրքիր փաստարկ կստանա ՌԴ հետ բանակցություններում՝ որ չի կարելի «կամ-կամ» պահանջ ներկայացնել Կիևին, եթե Մոսկվան նման պահանջ չի ներկայացնում Երևանին: Ուկրաինայի համար հայկական պարադոքսի դրական հանգուցալուծումը ՄՄ և ԵՄ հետ շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է փորձագետը:
«Վիլնյուսի գագաթաժողովը պետք է նշանակալի լինի: Եթե Եվրոպան ձախողի Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը, ապա Ուկրաինայի կորուստը ԵՄ քաղաքականության համար էլ ավելի մեծ անհաջողություն կլինի: Եվ ԵՄ-ն ավելի շատ խթաններ կունենա Կիևի հետ փաստաթուղթը ստորագրելու համար»,- գտնում է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն, հայտնում է «Ռոսբալտը»:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:
Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: