6 սեպտեմբերի 2013 - 18:52 AMT
Աբխազական երկաթգծի գործարկման մասին ԱԱԽ քարտուղարի հայտարարույթյանը Թբիլիսիում զարմացել են

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան համաձայնության են եկել աբխազական երկաթգծի գործարկման հարցում: Ըստ նրա, Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցը քննարկվել է Մոսկվայում սեպտեմբերի 3-ին ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

«Վրացական կողմը տվել է իր համաձայնությունը, ինչպես նաև ռուսական ու աբխազական կողմերը: Սա ընթացք է, ու մենք պետք է հասկանանք, որ հակամարտող կողմեր կան: Բայց գլխավորն այն է, որ այդ երկաթգիծը բացելու քաղաքական, ինչպես նաև երկաթուղային կապի զարգացման կամք կա, ինչը նշվել է համատեղ հայտարությունում»,- Բաղդասարյանի խոսքերը մեջբերում է Newsarmenia-ն:

Նա նշել է նաև, որ նախագահները քննարկել են երկաթուղիների զարգացման հարցը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խոշոր ֆինանսական ներդրումներ կատարել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Մասնավորապես, այդ նպատակով 15 մլրդ ռուբլի կարող է հատկացնել ՌԵՈւ-ն:

Մինչդեռ, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, պատգամավոր Վիկտոր Դոլիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ աբխազական երկաթուղու գործարկման մասին հարցը քննարկվել է Վրաստանում, սակայն կառավարությունը նման որոշում չի կայացրել:

«Չգիտեմ, թե ինչ համատեքստում է ասել այդ մասին պարոն Բաղդասարյանը: Ես գիտեմ, որ նրանք նախկինում էլ, հիմա էլ մտածում են տնտեսական նախագծերի և երկաթուղու զարգացման մասին Աբխազիայում, բայց դուք գիտեք, որ նման որոշման մասին խոսք լինել չի կարող: Մի բան է այդ հարցը քննարկել, այլ բան է՝ որոշում կայացնել կառավարության մակարդակով: Նման որոշում հաստատ չկա»,- ասել է Դոլիձեն:

2013թ. հունվարին Երևան այցելության ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական երկաթուղու գործարկման հարցը: «Ցանկություն կա և մենք պատրաստ ենք արագ լուծել այդ հարցը»,- ասել էր նա:

Սեպտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում դեսպանների հետ ավանդական հանդիպմանը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշիվին ցավով նշել էր, որ ՌԴ հետ հարաբերությունները շարունակում են բարդ մնալ, ինչպես նաև աբխազ ժողովրդի հետ, բայց իրենք հուսով են, որ կվերականգնեն դրանք՝ նշելով, որ խոսքը գնում է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Վրաստանի վարչապետը նաև հայտնել էր, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական ճանապարհի հետ կապված հարցերը:

«Մենք ունենք նման ցանկություն և պատրաստ ենք արագ լուծել այդ երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը»,- ասել էր նա:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև աբխազական հատվածով խզվել է 1990-ականների սկզբին: Պատճառը Ինգուրի գետի երկաթուղային կամուրջի պայթեցումն էր: