Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին անսպասելի որոշումը կասկածներ հարուցեց Հայաստանի՝ Եվրամիություն ինտեգրման վերաբերյալ: Բրյուսելում մտահոգվեցին արևելյան հարևանների հետ հետագա հարաբերություններով, գրում է եվրոպական NewEurope հասարակաքաղաքական պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանը պատրաստվում էր նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում ԵՄ հետԱսոցացման և Ազատ առևտրի գոտու մասինհամաձայնագրեր նախաստորագրել:
Բայց և ԵՄ-ն, և Ռուսաստանը պնդում են, որ մասնակցությունը երկու տնտեսական միավորումներին անհնար է: Հայաստանի որոշումը Եվրախորհրդարանում քննարկումներ հրահրեց՝ Ռուսաստանի կողմից եվրաինտեգրման ձգտող հետխորհրդային երկրների վրա ճնշման թեմայով:
Նախօրեին եվրախորհրդարանականները քննարկեցին ՌԴ ճնշումը Ուկրաինայի, Մոլդովայի ու Հայաստանի վրա: «Մեզ մեծապես մտահոգում է, որ Հայաստանը ենթարկվում է այդ ճնշմանը»,- ասել էր News Europe-ին Ստրասբուրգում մի բարձրաստիճան պաշտոնյա, ով չէր ցանկացել նշել իր անունը:
«Կարծում եմ՝ ԵՄ ազդեցությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պահպանելու, պոտենցիալ գործընկերներին ապագայում չկորցնելու համար նոր ռազմավարություն է հարկավոր»,- հավելել էր նա: Փորձագետները նշում են, որ Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանն ընտրում է հեշտ ուղի: Երևանի այդ քաղաքական որոշումը վկայում է, որ երկիրը շահագրգիռ է ղարաբաղյան հարցում պահպանել ստատուս քվոն:
«Մյուս կողմից, նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը մտադիր է օգնել Եվրամիությանը նվազեցնել կախվածությունը ռուսական գազից և որոնում է Բրյուսելի հետ մերձենալու ուղիներ: Բրյուսելը հրաժարվել է վերանայել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը, չնայած Երևանի առաջարկին»,- ասվում է հրապարակման մեջ:
Եվրոպայում մտահոգված են նաև այն հանգամանքով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունըկարող է Մոսկվայի հետ մերձեցման դրդել նաև Վրաստանին: Սեպտեմբերի 4-ին ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ Վրաստանը դեռ չի կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության հարցում, բայց հարցը դեռ քննարկվում է: «Մենք դեռևս որոշում չենք կայացրել»,- ասել էր նա: -Բայց եթե ապագայում համարենք, որ այդ քայլը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, ապա ինչո՞ւ ոչ»:
Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երևանում աշխատանքն է սկսում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարներին կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզել էր բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ Երևանը ցանկանում է խորացնել համագործակցությունը և հարաբերությունները ԵՄ հետ, որոնք չեն հակասի անդամակցությանը Մաքսային միությանը:
Նախօրեին ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ հանդես գալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ անդամակցությունը Մաքսային միությանը (ՄՄ) անհամատեղելի է ԵՄ Ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ բանակցություններ էին ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ Ֆյուլեն հայտարարել է, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ու Առևտրի ազատ գոտու ձևավորումը համատեղելի են դիտորդի կարգավիճակի հետ ՄՄ-ում:
Եվրամիության ղեկավարները դատապարտեցին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ: