14 սեպտեմբերի 2013 - 16:20 AMT
Շուտով, հավանաբար, առանց «գրպանում» 1000 դոլարի ներգաղթյալները չեն կարողանա Ռուսաստան մուտք գործել

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով Ռուսաստան մուտք գործող բոլոր օտարերկրացի քաղաքացիները պետք է որոշակի գումար ունենան:

Նորամուծությունը կվերաբերվի այն անձանց, որոնք իրավունք ունեն Ռուսաստան այցելել առանց վիզայի: Երկիր մուտքի օրվան ընդառաջ նրանք պետք է «ապահովման գումար» ունենան՝ մոտ 36 հազար ռուբլի, ինչը 1000 դոլարից մի փոքր ավելի է: Դա անհրաժեշտ կլինի ապացուցել փաստաթղթերի միջոցով, հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ Պետդումայում իր աղբյուրի վրա հղումով:

Նախաձեռնության հեղինակները դրանով մտադիր են ՌԴ-ում օտարերկրացիների համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ սահմանել՝ նպատակ ունենալով զերծ պահել երկիրն ապօրինի ներգաղթյալների հոսքից: «Վերջին տարիներին նկատվում է օտարերկրացի քաղաքացիների կտրուկ աճ, որոնք Ռուսաստանի Դաշնություն են ժամանում առանց վիզաների` նպատակ ունենալով դրամական օգնություն ստանալ ծննդաբերության ժամանակ: Բժշկական օգնության ցուցաբերման ծախսերը հատուցվում են ՌԴ պետության համապատասխան բյուջեներից»,- ասվում է բացատրական գրությունում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման կայքում հրապարակված վիճակագրության, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացիներ հաշվառման են կանգնած Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններում: Ըստ բնակության վայրի գրանցված ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 26 441, ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 11 627: ՀՀ քաղաքացիների թիվը, որոնց վերաբերյալ ընդունվել են բնակության իրավունքի տրամադրման մասին որոշումներ, կազմում է 9 673: ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը (ըստ ժամանակավոր կացության թույլտվության և բնակության իրավունքի) կազմում է 35 707, ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2 701: ՌԴ-ում մասնավոր անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ՀՀ քաղաքացիներին տրված արտոնագրերի քանակը կազմում է 39 200 (ՆՏՆԺ-23 500): 2012թ. 3 ամիսների ընթացքում ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից միգրացիոն օրենսդրության ոլորտում իրականացված վարչական իրավախախտումները կազմում են 7 616 (ՆՏՆԺ-7 839):