Ուզում էին, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ: Վիկտոր Չերնոմիրդինի հենց այս հայտնի արտահայտությունն է լավագույնս բնութագրում Երևանի այսպես կոչված «տրանսպորտային բարեփոխումը»: Մեզ ոսկե սարեր էին խոստանում, այսինքն՝ նորմալ և ժամանակին երթևեկող ավտոբուսներ, որպեսզի մենք կարողանանք առանց նյարդայնանալու ու ժամանակին հասնել աշխատանքի կամ ուսման վայր: Իսկ ի՞նչ ստացվեց իրականում: Բոլոր նրանք, ում բախտը չի բերել և ով օգտվում է հանրային տրանսպորտից, հիանալի գիտեն թե ինչ ստացվեց:
Նրանք գիտեն, թե ինչպես էին փորձում ուղեվարձը թանկացնել 50 տոկոսով, ինչպես դա չստացվեց, որովհետև ժողովուրդը վերջապեսիր իրավունքները պաշտպանելու համարոտքի ելավ: Գիտեն, որ ուղեվարձը մնաց նույնը, բայց ասացին, որ միևնույն է՝ բարձրաձնելու են, որպես հիմնավորումներով ու պատճառաբանումներով, որոնցից, ի դեպ, համառ լրագրողները «քարը քարին չթողեցին»:
Բայց պաշտոնյաները կատարում են իրենց խոստումները, հատկապես, եթե դա վերաբերում է գների բարձրացմանը: Վերջերս հրավիրվել էր Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հատուկ հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը 36 անդամ ունի: Ի դեպ, նշենք, որ մենք քաղաքապետարան հարցում էինք ուղղել՝ իմանալու, թե այդ 36-ից քանիսն են օգտվում հասարակական տրանսպորտից: Կսպասենք արդյունքներին:
Հանձնաժողովի առաջին նիստը բացելիս փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասել է. «Հարմարավետ, անվտանգ և մատչելի հասարակական տրանսպորտ ունենալու նպատակով պետք է քննարկենք այն բաղադրիչները, որոնք ձևավորում են ուղևորափոխադրումների ինքնարժեքը»:
Համապատասխանաբար, որպես առաջին չափորոշիչ, «նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը (շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում)»: Այսինքն, մարդկային լեզվով ասած, ավտոբուսներն ու երթուղայինները պետք է ժամանակին գան, երևի թե բավականին հաճախ, մարդիկ ավտոբուսներում ու երթուղայիններում պետք է քիչ թե շատ իրենց զգան ազատու հարմարավետ: Իսկ ի՞նչ ունենք մենք: Ավտոբուսները լավագույն դեպքում երթևեկում են 20-30 րոպեն մեկ: Հարմարավետության մասին խոսք էլ չկա՝ անգամ կանգնած երբեմն հնարավոր չի լինում երթևեկել ավտոբուսով՝ սեղմված լինելով ամեն կողմից ու գրեթե հորիզոնական դիրքով երթևեկող մարդկանց դեմքերին այդ պահին միայն «արյան ծարավ» կարելի է տեսնել, ընդ որում կարևոր չէ՝ ում:
Հանձնաժողովի անդամները նաև քննարկել են վարորդների արտաքին տեսքը, նրանց վարքագիծը: Գուցե առաջին հերթին ավելի լավ կլիներ իմանալ, թե արդյո՞ք այդ վարորդները կարող են ավտոբուս վարել: Հարցրեք ուղևորներին՝ միանշանակ պատասխաններ չեք ստանա: Որպես ապացույց կներկայացվեն կապտուկներն ու ոլորված ձեռքերը՝ որպես ոտքի մնալու փորձերի հետևանք, երբ վարորդը կտրուկ արգելակում է, կամ նույնքան կտրուկ տեղից պոկվում է: Ցավոք, դրանք եզակի դեպքեր չեն, այլ բավական տարածված:
Քննարկվել են նաև տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետները, տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, թեև, անկեղծ ասած, նման մարդկանց համար երևանյան տրանսպորտից օգտվելը կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
Արդյունքում հանձնաժողովը քննարկվող հարցերի օգտին քվեարկեց: Նախատեսվում է որոշակի հաշվարկներ անել, որոնց հիման վրա էլ, հավանաբար, կսահմանվի նոր ուղեվարձը:
Ի դեպ, եթե դատենք սոցցանցերում հայտնված գրություններից, վերջին օրերին տրանսպորտի քանակը Երևանի փողոցներում պակասել է: Ոմանք ենթադրեցին, որ հիմա անգործության մատնված ավտոբուսները որոշ ժամանակ անց դուրս կգան երթուղի ու կհայտարարվի, թե ավտոբուսների ու երթուղայինների միջոցների ավելացել է և դա ևս մեկ հիմնավորում կլինի ուղեվարձի բարձրացման համար:
Այդուհանդերձ՝ հրավիրում եմ տրանսպորտի համար պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկին մի օր գործի դնել մեքենաներով մշտապես տեղաշարժվելուց «թմրած» ոտքերն ու միանալ ինձ՝ հասարակական տրանսպորտով հասնելով մի կետից մյուսը: Միասին կսպասենք մի 40 րոպե աշխատանքից հետո, մի կերպ «կխցկվենք» ավտոբուսի մեջ և հետո «նեղ անենք՝ տեղ անենք» սկզբունքով, կիսահորիզոնական դիրքում կհասնենք մինչև նշանակետը: 100 դրամն էլ ինձնից: