3 հոկտեմբերի 2013 - 18:00 AMT
Հայաստանը ՏՏ ոլորտի նվաճումները կներկայացնի ԱրմԹեք համաժողովում և «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսում

Վերջին մի քանի տարիներին Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկնիշ աճ է արձանագրում: 2013 թ. հունվար-օգոստոսին ՏՏ ոլորտում 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 17 տոկոս աճ է գրանցվել: Նվաճումներն ու ՏՏ ոլորտի առջև ծառացած խնդիրները կներկայացվեն ԱրմԹեք 6-րդ համաժողովում, որն իր աշխատանքը կսկսի Երևանում հոկտեմբերի 4-ին: Զուգահեռ իր դռները կբացի նաև ամենամյա, այս տարի արդեն 9-րդ, «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հոկտեմբերի 6-ը: Երկու միջոցառումներն անցկացվում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո։

Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, համաժողովում նախատեսվում է երկու հուշագիր ստորագրել Գյումրիի տեխնոպարկի զարգացման շրջանակներում: Իր հերթին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:

Առաջին ԱրմԹեք համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում 2008-ին և 2011-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009-ին և 2012-ին: Ինչպես ասաց «Վիասֆեր տեխնոպարկի» հիմնադիր Թոնի Մորոյանը, առաջին համաժողովը աննախադեպ արդյունքներ տվեց՝ նման արդյունքներ չէին գրանցվել այդ ոլորտում ոչ Թուրքիայում, ոչ Ռուսաստանում, ոչ Հնդկաստանում: «Մեր նպատակն է ցույց տալ աշխարհին Հայաստանի նվաճումներն ու հնարավորությունները, ստեղծել համահայկական ցանց՝ ներդրումներ բերելով մեր երկիր»,-ասել է նա:

«Synopsis Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը կարևորեց այն, որ համաժողովն անցնում է պետության, մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների համագործակցության շրջանակներում, «ինչը չես տեսնի ոչ մի այլ երկրում»: Ըստ նրա, «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսը ցույց է տալիս Հայաստանի զգալի նվաճումները ՏՏ ոլորտում:

Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտեր են տվել արդեն 60 ընկերություններ։ Ակնկալվում է, որ կմասնակցեն շուրջ 150 ընկերություններ Հայաստանից ու արտերկրից:

Հայտեր տված կազմակերպությունների թվում են «Ross Telecom», «Questrade International Inc.», «National Instruments», «Synopsys», «Unicomp», «Microsoft», «LanAr Service», «Hybrid Solutions», «Astromaps», «Instigate», «Synergy International Systems», «WebDorado», ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր», Կապի միջոցների երևանյան ԳՀԻ, Անանիա Շիրակացի ճեմարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։