3 հոկտեմբերի 2013 - 17:05 AMT
Հայերն Աբխազիայում ապրում են արդեն շուրջ 200 տարի

Հայերն Աբխազիայում ապրում են արդեն շուրջ 200 տարի, հիմնականում դրանք համշենահայեր են ու Տրաբզոնից, Վանից, Էրզրումից գաղթած հայեր: Նրանք խոսում են համշենահայերին հատուկ բարբառով և միշտ չէ, որ հեշտ է նրանց հասկանալը: Հայերը ինքնահռչակ հանրապետության քանակով երրորդ ազգությունն են աբխազներից ու վրացիներից հետո:

Այսինքն հայերի թիվը հասնում է մոտ 50 հազարի՝ ընդհանուր բնակչության 240 705-ից: Աբխազիայում 31 հայկական դպրոց է գործում, որից 12-ը միայն Գագրա քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է պատմել Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը, դասագրքերը նրանք ստանում են Հայաստանից: «Մեր երեխաները հենց առաջին դասարանից են հայերեն, ռուսերեն, աբխազերեն և մեկ օտար լեզու սովորում: Ճիշտ է, մենք մի փոքր նեղացած ենք ՀՀ կառավարությունից, որը դասագրքերը բերում է միայն Վրաստանի թույլտվությունը ստանալով: Դա լավ չէ»,-ասել է Կերսելյանը:

Որքան էլ տարօրինակ է, մինչ օրս Աբխազիայում չկար ոչ մի հայկական եկեղեցի, իսկ հիմա ավարտին է մոտենում եկեղեցու կառուցումը Գագրայում, ավելի ճիշտ Սուխումի ճանապարհին: Ըստ աբխազական պատերազմի հերոս Գալուստ Տրապիզոնյանի, եկեղեցին օծվելու է հոկտեմբերի 23-ին՝ քահանա կժամանի Կրասնոդարից: Աբխազահայերը գտնվում են ՀԱԵ հարավային թեմի իրավասության ներքո: Սակայն համայնքը հեռուն գնացող ծրագրեր ունի:

Գալուստ Տրապիզոնյանը եղել է մարշալ Բաղրամյանի անվան հայտնի հայկական գումարտակի կազմում, որը մեծ ավանդ ունի 1992-1993 թթ. պատերազմում տարած հաղթանակում: 18 հայեր Աբխազիայի հերոսներ են:

Մեր պատմությունն անավարտ կլինի, եթե մի քիչ չպատմենք «Հակոբի մոտ» հայտնի սրճարանի մասին, որը 1970 թվականին բացել է Հակոբ Բալյանը: Նա մահացավ 2000 թ., հիմա այնտեղ սուրճ է եփում նրա փեսան՝ Հակոբի դստեր ամուսինը, Ալեքսեյ Սարգսյանը: Սրճարանը բացվում է ամեն օր առավոտյան ժամը 6-ին և չի փակվում մինչև ուշ երեկո: