3 հոկտեմբերի 2013 - 18:04 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը

Կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ մամուլի ասուլիսը: Հայտարարվեց բնապահպանական առաջիկա միջոցառումների ժամանակացույցը

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: 2007թ.-ից հիմնադրամի գլխավոր գործընկերը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է: Ինքնատիպ այս իրադարձությունը, որն արդեն 4-րդ անգամ կիրականացվի Հայաստանում, բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության և դրա պահպանման կարևորության վերաբերյալ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Շրջակա միջավայրի պահպանման և դրա խնդիրների վերաբերյալ իրազեկումը պետք երեխաների դաստիարակության անբաժանելի մաս լինի: Յուրաքանչյուր մարդ վաղ տարիքից պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մարդկության ընդհանուր տունն է, և այդ տանն ապրող ամեն ոք ունի իր պարտականությունները և պատասխանատվության իր չափը` այդ տունը մաքուր և ապահով պահելու համար:

Հայաստանում այս առաքելությունն իր վրա է վերցրել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 6-րդ տարին հպարտորեն կանգած է նրա կողքին` աջակցելու այս անչափ կարևոր և դժվար գործի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ և հանրային միջոցառումներ: «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն է՝ ավելացնել մասնակիցների թիվը՝ նվազեցնելով բնապահպանական խնդիրները: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն հայաստանյան հեռուստաալիքներով, համացանցով: Դրանք կուղեկցվեն հանրային ակտիվ քննարկումներով:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի այս տարվա ծրագիրը ևս հայ հանդիսատեսի դատին կներկայացնի վավերագրական ֆիլմերի լավագույն ընտրանի` նվիրված կենդանիներին և բնապահպանական խնդիրներին: Աշխարհի տարբեր երկրներից ընտրված շուրջ 30 ֆիլմ կհեռարձակվի հայկական տարբեր հեռուստաալիքներով և առցանց:

«Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի գործընկերների թվում են «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաալիքը: Ֆիլմերը կցուցադրվեն 2013թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչև 27-ը:

Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես`աղբի վերամշակմանն ու վայրի բնության պահպանությանն անդրադարձող փառատոնի ֆիլմերը կուղեկցվեն հանրային քննարկումներով: Դրանց կմասնակցեն գիտնականներ, բնապահպաններ, քաղաքացիական-հասարակական ակտիվիստներ և այլն:

Փառատոնի շրջանակներում կիրականացվի նաև հիմնական 3 միջոցառում՝ նկարչական օր, մրցանակների հանձնման արարողություն և կենդանիների դիմակահանդես-շքերթ: Գործընկերների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համատեղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 25-ին բոլորին հրավիրում է FPWC-ի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»՝ մասնակցելու Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի բացման արարողությանը, որը կուղեկցվի խորհրդանշական ծառատունկով: