9 հոկտեմբերի 2013 - 12:36 AMT
Բարաք Օբամա. Հանրապետականները դրամաշորթությամբ են զբաղվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ պատրաստ է հանրապետականների հետ քննարկել երկրի բյուջեում ուղղումների կատարման ցանկացած հնարավորություն, սակայն ոչ շուտ, քան վերջիններս կդադարեն իրենց գործողություններով վտանգել երկրի տնտեսությունը:

Հանրապետականների պահվածքը, որոնք օգտագործում են ԱՄՆ կառավարության պարտքի վճարման ժամկետը որպես քաղաքական պայքարի միջոց, Օբաման համեմատել է դրամաշորթության հետ: Հանրապետականների առաջնորդները կրկին կոչ են արել նախագահին բանակցություններ սկսել:

Անցած շաբաթ ԱՄՆ կառավարությունը ստիպված էր զգալիորեն կրճատել իր բաժանմունքների գործունեությունը և փակել մի շարք պետհաստատություններ, այն բանից հետո, երբ Կոնգրեսը հրաժարվեց հաստատել Ներկայացուցիչների պալատի ընդունած բյուջեն: Օբաման հայտարարել է, որ արդեն բանակցել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ, հանրապետական Ջոն Բեյների հետ և «ուրախ է խոսել նրանց և այլ հանրապետականների հետ ինչի մասին ասես»:

Սակայն Օբաման նշեց, որ ցանկացած բանակցություններ չպտեք է տնտեսական քաոսի սպառնալիքի առջև կանգնեցնեն ԱՄՆ ժողովրդին: Նա նաև զգուշացրել է հնարավոր տնտեսական հետևանքների մասին, եթե երկիրը չկատարի իր ֆինանսական պարտավորությունները, եթե Կոնգրեսը չպայմանավորվի պետպարտքի վերին շեմի բարձրացման մասին, որի վերջնաժամկետը հոկտեմբերի 17 է:

Սակայն պարտքի լիմիտի գերազանցումը կխախտի շուկաների աշխատանքը, կխարխլի միջազգային վստահությունն ԱՄՆ հանդեպ, կավելացնի դեֆիցիտն ու արտաքին պետպարտքը և «խորը ռեցեսիայի ռիսկ» կառաջացնի, գրում է ВВС-ին: Հանրապետականները, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, փորձում են ստիպել Օբամային ու ժողովրդավարներին զիջումների գնալ՝ կառավարական ծախսերի ֆինանսավորման վերսկսմանն ու պետպարտքի վերին շեմի բարձրացմանն ի պատասխան: Առաջին հերթին հանրապետականներն ուզում են, որ չեղյալ հայտարարվի կամ կրճատվի առողջապահության ոլորտի բարեփոխման ֆինանսավորումը, որը ձեռնարկել է Օբաման: Օբաման ու ժողովրդավարները հրաժարվում են՝ նշելով, որ բարեփոխումների մասին օրենքն ընդունվել է 2010 թ., հաստատվել է Գերագույն դատարանի կողմից և եղել է 2012 թ. ընտրարշավի կենտրոնական հարցերից մեկը:

Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին գերատեսչության հաշվիների վրա կմնա 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ամենօրյա ծախսերը կազմում են 60 մլրդ դոլար: Մինչ այդ ժամկետը օրենսդիրները պետք է պայմանավորվեն պետպարտքի շեմի բարձրացման մասին:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի մարումները հետաձգվեցին մինչև 1801 թվական: