Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման ռեժիմի և ռեադմիսիայի մասին համաձայնագրին: Ըստ նոր կանոնների, կարագացվի մուտքի արտոնագրերի հանձնումը, դրանք կէժանանան, կկրճատվի վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«Մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացումը թույլ կտա խթանել գործակցությունը, մասնավորապես, կբարձրացնի քաղաքացիների շարժունակությունը»,- ասվում է փաստաթղթում, հայտնում է «Ռոսբալտը»:
Մուտքի արտոնագրերի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով, որն ուղղված է վեց հետխորհրդային երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի ու Հայաստանի, առավել սերտ հարաբերությունների հաստատմանը ԵՄ հետ:
Դեկտեմբերի 17-ին, Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները:
ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ:
Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ասել է, որ Հայաստանը կմասնակցի Վիլյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: