Քննարկում․ «Զվարթնոցի» հին շենքը պետք է ընդգրկել հուշարձանների պետցուցակում![]() 9 հոկտեմբերի 2013 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի Մշակութային ենթահանձնաժողովն այսօր միաձայն որոշեց՝ պետք է դիմել Մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով, որ այն վերականգնի «Զվարթնոցի» հին շենքը հուշարձանների պետական ցուցակում։ Քաղավիացիայի խորհրդի՝ շենքը քանդելու մասին դիմումը քննարկման էր դրվել այսօրվա ենթահանձնաժողովի նիստում ։ Ինչպես հայտարարել է օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ընկերության պատճառաբանությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում․ «Եկեք անկեղծ լինենք, բարբարոսաբար քանդել են, արմատուրաները բացել և հայտարարում են, իբրև թե սեյսմիկ վտանգ է ներկայացնում»,- ճարտարապետի խոսքերն է մեջբերում Tert.am-ը։ Անահիտ Թարխանյանի համար անհասկանալի պատճառներով շենքը ժամանակին հուշարձանների ցանկից հանվել է։ Նրա խոսքով, շենքը վարձակալության հանձնված «Կորպորացիոն Ամերիկան» խախտել է պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատերը՝ ՀՀ կառավարությունը, պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն։ «Մոտ 20 տարի պայմանագրի ժամկետին դեռ կա, իսկ վարձակալը որոշում է կայացրել քանդել շենքը, որն իրեն չի պատկանում իսպառ»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ հենց կառավարությունը պետք է նոր սեփականատեր գտնի, որը բարեխիղճ կօգտագործի գոյություն ունեցող շենքն որպես օդանավակայան, կսպասարկի «ներքին ռեգիոնալ ռեյսերը նաև Ղարաբաղ»։ Թարխանյանը, ի դեպ, նշել է, որ եթե կառավարությունը համապատասխան վարձակալող չգտնի, ապա դա կանի ինքը՝ կգտնի քաղհասարակության խումբ, որն այն վարձակալության կվերցնի։ Ենթահանձնաժողովի նիստին անդամները ևս մեկ անգամ հիշել են 20-րդ դարի այն շենքերի մասին, որոնք կորցրինք վերջին տարիներին՝ Սևան հյուրանոցը, Լեզվի ինստիտուտը, Երիտասարդական պալատն և այլ։ Արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը կարծում է, որ պետք է «կտրել այն ձեռքը, որն անխճորեն վերացնում է մշակութային արժեքները», գրում է Panorama-ն: «Ինչո՞վ էր խանգարում մեզ Երիտասարդական պալատը․․․ Մենք մեր ճարտարապետների գործերն ենք ավիրում, մի պահ թող մտածեն, որ քանդեցին, արդյո՞ք կարող են ավելի լավը կառուցել»,- ասել է Փիլոսյանը: ՀԽ անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր հերթին վրդովմունք հայտնեց, որ Հայաստանում կամաց-կամաց սկսում են վերացնել շատ արժեքավոր մշակութային արժեքներ։ Բանաստեղծ Սուրեն Մուրադյանն այս ամենը վանդալիզմ որակեց՝ նշելով՝ «ինչպիսի ֆինանսական ներդրումներ էլ պահանջվեն, պետք է պահպանել շենքը»։ «Ամենամեծ վնասը մեր մշակութային արժեքները կորցնելն է: Պետք է նայել լայն իմաստով: «Զվարթնոց»-ի հին շենքը պետք է պահպանել և փոխանցվել մյուս սերունդներին»,- ասել է նա: Մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀԽ Մշակութային ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը հայտարարել է, որ շենքը պահպանելու լավագույն տարբերակն այն պետությանը հանձնելն է: Նա էլ առաջարկեց դիմել նախարարություն՝ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում շենքն ընդգրկելու համար։ Նա նաև նշել է, որ միայն որպես երկաթբետոն ամենահամեստ գնահատմամբ այն 100 մլն դոլար արժե: Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը վաղը՝ հոկտեմբերի 9-ին, որոշումը կներկայացնի Հանրային խուրհրդին, որն էլ կորոշի ու իր կարծիքը կհայտնի` հիմնվելով ենթահանձնաժողովերի տված եզրակացությունների վրա: Հոկտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ներկայումս «շատ վտանգավոր կառույց է» ու իրենք այսուհետ էլ ռեսուրսներ չեն տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում: Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը: 2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է: «Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը: 2011 թվականին բացվեց օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը: Սեպտեմբերի 26-ին ՀԽ-ում «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու առաջարկին նվիրված քննարկմանը Քաղավիացիայի ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրել էր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես-պլանը: Դրանում ներառված գալիք տարի նախատեսված աշխատանքների թվում կա օդանավակայանի հին շենքը քանդելու մասին դրույթը: Ըստ ՔԱԳՎ ներկայացուցչի, շենքը գտնվում է «անմխիթար վիճակում» և նրա ամրացման համար կպահանջվի 10-12 մլն դոլար: Բանն այն է նաև, որ կառավարիչը մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ, սակայն հին շենքը խանգարում է դրան: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |