Անդրեյ Եպիֆանցև. Պետք չէ գերագնահատել Եվրախորհրդարանի հոկտեմբերի 23-ի բանաձևի նշանակությունը

Անդրեյ Եպիֆանցև. Պետք չէ գերագնահատել Եվրախորհրդարանի հոկտեմբերի 23-ի բանաձևի նշանակությունը

PanARMENIAN.Net - Չի կարելի ասել, որ Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որտեղ դրույթ կա նաև ղարաբաղյան կարգավորման մասին, վրեժ է Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: «Մենք գիտենք, որ այս կամ այն չափով ԵՄ-ն միշտ դիտարկել է ղարաբաղյան կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսակետից: Այո, երբեմն ԵՄ դիրքորոշումն այդ առումով հստակ չի արտահայտվել: Այո ԵՄ որոշ անդամներ ինչ-որ կոնկրետ պահերի կարող էին տեսակետ ունենալ, որն այքան էլ չէր համընկնում Բրյուսելի մոտեցման հետ, սակայն ընդհանուր առմամբ այն միշտ հետևյալն է եղել. «Լեռնային Ղարաբաղը գրավյալ տարածք է, Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը»: Այլ հարց է, որ Արևելյան գործընկերության ծրագրի իրականացման ընթացքում Եվրոպայի համար շահավետ չէր շեշտադրել այդ հարցը չվանելու համար Հայաստանին և նրան հասցնելու համար գոնե մինչև Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը»,-ասել է Եպիֆանցևը: Ըստ նրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը միևնույն է հաշվի կառնվեր այդ պայմանագրում՝ ԵՄ հետ ասոցացված անդամակցության տարածքում ԼՂ տարածքն ընգրկելուց հրաժարվելու տեսքով և պայմանագիրը ստորագրելուց հետո Լեռնային Ղարաբաղի թեման միևնույն է Բրյուսելի կողմից դիտարկվելու էր հենց այդ տեսակետից: «Ուստի հենց որ Երևանը կողմնորոշվեց իր ռազմավարական համակրանքների հարցում և հենց որ պարզ դարձավ, որ անդամակցելով ՄՄ-ին, Հայաստանը չի կարողանա ստորագրել ԵՄ հետ ինտեգրացիոն պայմանագիրը, այդ հարցի շեշտադրմանը խանգարող խոչընդոտները եվրոպացիների համար վերացան: Ավելին, բացահայտ կերպով հռչակելով այդ դիրքորոշումը, Բրյուսելն այժմ փորձում է ուժեղացնել իր դիրքերը Բաքվում՝ գովազդելով իր համակարծությունը Ղարաբաղի հարցում և այդպիսով ներգրավելով Արևելյան գործընկերության մեջ: Չնայած միասնական Եվրոպայի նման միակողմանի դիրքորոշմանը, ես չէի գերագնահատի այդ բանաձևի նշանակությունը: Ի վերջո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից նմանատիպ բանաձևերը բազմաթիվ են եղել: Իրական քաղաքականության մեջ կարգավորման շարժիչ ուժերն այլ են և նման բանաձևերը միշտ չէ, որ ազդեցություն ունեն դրանց վրա»,-ասել է փորձագետը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որտեղ տեղ է գտել նաև ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթ: Բանաձևի բնորոշումները կրում են միակողմանի, ադրբեջանամետ մոտեցում ղարաբաղյան խնդրի հարցում:

Այդպես, մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Բանաձևում ասվում է, որ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Եվրախորհրդարանը հիշեցնում է «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքը օկուպացիայի ենթարկելու մասին» հարցում իր դիրքորոշումը: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ:

ՄԱԿ 4 բանաձևերը կոչ են անում զորքերը դուրս բերել Քաշաթաղի, Աղդամի (Ակնա) և այլ «գրավյալ» տարածքներից: Աքվիլայի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և հորդորում է «վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղին մերձակա տարածքները, ԼՂՀ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքներով ու ինքնավարությամբ, բացել Հայաստանն ու ԼՂՀ-ն կապող միջանցք, ապագայում որոշել ԼՂ կարգավիճակը կամարտահայտման միջոցով, հաշվի առնել տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն ու անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց խաղաղապահ ուժերի միջոցով»:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---