Կոնգրեսականները կոչ են արել Սպիտակ տանը չենթարկվել Անկարային Հայոց ցեղասպանության ուրացման հարցում

Կոնգրեսականները կոչ են արել Սպիտակ տանը չենթարկվել Անկարային Հայոց ցեղասպանության ուրացման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դևիդ Վալդաոն նամակ են հասցեագրել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով դիմել Սպիտակ տան վարչակազմին Սմիթսոնի թանգարանում հայ որբերի գործած գորգի ցուցադրության կազմակերպման հարցում դրական որոշում կայացնել: Հայ որբերի գործած գորգը նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ցուցադրության արտոնմանն ուղղված արշավ է սկսվել ամերիկյան ԶԼՄ-ներում, սկսած Washington Post-ից և Համազգային ռադիոյից մինչև Հայ մշակույթի կենտրոն և Հայկական գորգերի միություն: Միջազգային հանրային ռադիոյին (PRI) տված հարցազրույցում Washington Post-ի մեկնաբան Ֆիլիպ Քենքոթը նշել է, որ Սպիտակ տունը, մերժելով գորգի ցուցադրությունը, Թուրքիային է սատարում է Հայոց ցեղասպանության մերժողականության մեջ:

Իր նամակում Շիֆն ու Վալդաոն, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախաձեռնողներն են, գրում են. «Հայ որբերի գորգը հայ պատմության մաս է կազմում և պատկանում է հայ ժողովրդին: Արդեն մեկ ամիս է, ինչ Ամերիկայի հայկական կազմակերպությունները պահանջում են թույլ տալ, որ գորգը ցուցադրվի ցուցահանդեսում և հորդորում են Սպիտակ տանն ու Պետդեպարտամենտին որպես երաշխավոր հանդես գալ»:

«Կալիֆորնիայի և ամբողջ երկրի հայ համայնքն երախտապարտ է կոնգրեսականներ Վալդաոյին ու Շիֆին նրանց դիրքորոշման ու առաջնորդի դերը ստանձնելու համար և կոչ են անում կոնգրեսականներին բոլոր ջանքերը գործադրել որպեսզի Սպիտակ տունը տեղի չտա Անկարային Հայոց ցեղասպանության նրա մերժողական կեցվածքում»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ն քարոզարշավ է սկսել՝ կոչ անելով Սպիտակ տանը թույլ տալ պատմական գորգի ցուցադրությունը: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին գործել են «որբի գորգը»:

Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում (American Committee for Relief in the Near East, ACRNE) բարեգործական ընկերություն է, որը ստեղծվել է 1918 թվականին Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած ու կարիքավոր բնակչությանն օգնելու նպատակով: Հայաստանում գործել է 1919 թվականի մայիսից, երբ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածությամբ ստանձնել է հայ որբերի հոգսերը հոգալու պարտավորությունը:

Կազմակերպության գործունեությունը շարունակվեց նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Որբերի ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում էր ժողկրթության մարմինների հսկողությամբ: 1916-26 թթ. Հայաստանում ու Մերձավոր Արևելքի հայաշատ վայրերում որբանոցներ էր ֆինանսավորում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Անգլիական օգնության կոմիտեն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---