13 նոյեմբերի 2013 - 11:53 AMT
Իրանի դեմ պատժամիջոցներն երկարացվել են ևս մեկ տարով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմը Իրանի հարցում, չնայած, որ Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում միջուկային խնդրի շուրջ, հայտնում է Սպիտակ տունը:

Գործող ռեժիմը հիմքեր է տալիս պահպանելու կամ խստացնելու համար պատժամիջոցները: Կոնգրեսին հասցեագրված նամակում Օբաման նշել է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն վերադարձել նորմալ հունի մեջ: Իրանի հետ հարաբերություններում արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամկետը պետք է սպառվեր նոյեմբերի 14-ին, սակայն ամեն տարի այն երկարացվում է: Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սխալ է համարում նոր պատժամիջոցների կիրառումն Իրանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» բանակցում են Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին միջազգային ու երկկողմ պատժամիջոցների թուլացման դիմաց:

Մինչ այդ երկու կուսակցություններից ընտրված սենատորներն առաջարկել էին նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, ճնշում գործադրելու համար Թեհրանի հանդեպ Ժնևում բանակցությունների հերթական փուլի անհաջողությունից հետո: «Մենք պատժամիջոցներ ենք սահմանել ոչ միայն Իրանի ռեժիմին պատասխանատվության կանչելու համար, այլ նաև իրավիճակից ելնելով»,-ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Մենք չգիտենք արդյոք այդ ուղին հաջող կլինի, սակայն կարևոր է օգտագործել դիվանագիտությունը»,-հավելել է նա:

Ըստ նրա, Քերին իր կարծիքը կհայտնի Կոնգրեսում լսումների ժամանակ, մասնավորապես, բանկային կոմիտեում: ՄԱԿ պատժամիջոցներից բացի ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է տանում երկկողմ պատժամիջոցներն Իրանի պետական կառույցների, ընկերությունների ու մասնավոր անձանց դեմ, որոնք, ըստ ԱՄՆ իշխանությունների, նպաստում են միջուկային զենքի մշակմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իրանն ու «վեցնյակը» չկարողացան պայմանավորվածության հասնել Ժնևում նոյեմբերի 7-9-ին կայացած բանակցություններում: Եթե նոյեմբերի 20-ին հաջողվի այնուամենայնիվ համաձայնության հասնել, ապա Թեհրանը կկարողանա հասնել պատժամիջոցների մեղմացմանը, որի հետևանքով սառեցված են նրա բոլոր ակտիվներն արտերկրում և կասեցված է նավթի վաճառքը: Պատժամիջոցների մեղմացման գործում վճռորոշ կարող է լինել ԱՄՆ դերը, որն արդեն շուրջ 30 տարի է դիվանագիտական կապեր չունի Իրանի հետ:

Իսրայելը հենց սկզբից կտրուկ դեմ էր Իրանի հետ բանակցություններին՝ պնդելով, որ առաջինը կդառնա ատոմային ռմբակոծության զոհը Թեհրանի կողմից: Ըստ փորձագետների, մեկ տարուց Իրանը կարող է արդեն միջուկային ռումբ ունենալ: Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ «երկրի ազգային շահերը, չեն ներառում միջուկային զենքի մշակում: Նա դրական է գնահատել ժնևյան բանակցությունները: