Պոդոլսկում ՃՏՊ համար մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել աշխատանքի կեղծ վկայական օգտագործելու համար:
Հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում (Պոդոլսկի արվարձան) 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ զոհվեց, 30-ը մարմնական վնասվածքներ ստացան: Ըստ բեռնատարի վարորդի, վթարի պատճառ է հանդիսացել արգելակների անսարքությունը: Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով` «Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան»: Առավելագույն պատիժն այս հոդվածով 7 տարվա ազատազրկումն է:
Հիմա քննությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել Հրաչյա Հարությունյանի դեմ՝ ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3-րդ մասով` «Կեղծ փաստաթղթի օգտագործում, որի համար նախատեսվում է տուգանք, կամ ուղղիչ աշխատանքներ, կամ 6-ամսյա կալանք, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականը:
Պարզվել է, որ Հրաչյա Հարությունյանի աշխատանքի թույլտվությունը կեղծ է:
Հուլիսի Հուլիսի 15-ին Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորեց Հրաչյա Հարությունյանին, սեպտեմբերի 12-ին դատարանը երկարացրեց նրա կալանքի ժամկետը:
Փորձագետները պարզեցին, որ բեռնատարի արգելակները սարքին չէին, մեքենան գերբեռնված էր 2,5 տոննայով:
«Ես դեռ տեղեկություն չունեմ իմ նախկին պաշտպանյալի դեմ երկրորդ քրեական գործը հարուցելու մասին,-ասել է Հարությունյանի նախկին փաստաբաններից մեկը՝ Ալեքսանդր Մելցևը:-Որևէ տեսակետ այս հարցում չունեմ: Սակայն, կարող եմ ասել, որ քննության գործողություններում, որը գործ է հարուցել նրա դեմ 264 հոդվածով, խախտումներ չեն եղել»:
Գործող փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ նույնպես իրազեկ չէ երկրորդ քրեական գործի հարուցմանը. «Չեմ կարող ասել, թե նրա վկայականը կեղծ է, թե իսկական, ես այն երբեք չեմ տեսել»: