13 նոյեմբերի 2013 - 17:39 AMT
Կենսաթոշակային պարտադիր վճարի ներդրումը կարող է հետաձգվել մեկ տարով

Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի կենսաթոշակային պարտադիր վճարի ներդրումը հետաձգելու հարցը:

Facebook սոցցանցում կազմավորվել է նախաձեռնող խումբ կենսաթոշակային պարտադիր վճարի դեմ՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Խմբի մասնակիցների թիվն արդեն հասնում է 8 հազարի, փաստորեն ձևավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների նոր շարժում: Խումբը դիմել է խորհրդարանականներին, պահանջելով ապահովել իրենց մասնակցությունը նոյեմբերի 14-ին կայանալիք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը:

«Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներ ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից մոգոնված ժողովրդի ունեզրկման ևս մեկ գործիք, նախ՝ որովհետև նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, և երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական և տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որևէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ:

Ուստի, մենք ընդունում ենք քաղաքացիների կողմից եկած առաջարկը և միանում ենք իրենց նախաձեռնությանը՝ ԱԺ-ում հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում կդրվի պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման հետաձգումը 1 տարով՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով»,-ասվում է ՀԱԿ խմբակցության տարածած հայտարարության մեջ:

Արտահերթ նիստի գումարման նախաձեռնողներն են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները: Արդեն հավաքվել է 44 ստորագրություն, ինչն անհրաժեշտ է արտահերթ նիստ գումարելու համար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

2014 թ. հունվարի 1-ից նախատեսվում է երկրում ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգ: Նորամուծության շնորհիվ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կուտակային հիմնադրամներին: Նախատեսվում է, որ 2014 պարտադիր կուտակային համակարգին կանցնեն ՀՀ շուրջ 250 հազար քաղաքացիներ:

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է Հայաստանում 2011 թ. հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: 2014 թ. հունվարի 1-ից կուտակային համակարգից կարող են օգտվել 40 տարեկանից երիտասարդ աշխատող քաղաքացիները, ինչպես նաև գյուղոլորտի աշխատակիցները: Հարկ կլինի կուտակային հաշվեհամարին փոխանցել աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, սակայն, 25 հազար դրամից ոչ ավելի, կփոխանցի պետությունը: