16 նոյեմբերի 2013 - 15:45 AMT
Milliyet. Թուրք դիվանագիտությունը ջանքեր է գործադրում Երևանի հետ կարգավորումը հեշտացնելու համար

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի լրագրող Սամի Քոհենն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցին և այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

«Ադրբեջանի ամենակարևոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Անկարայի աջակցությունը Բաքվին լիարժեք է։ (Անկեղծ ասած՝ նույնը Կիպրոսի հարցում Ադրբեջանի աջակցության վերաբերյալ ասելը դժվար է)։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ համատեղ գործելու հարցի մասին խոսվեց նաև վարչապետ Էրդողանի և Ալիևի համատեղ մամուլի ասուլիսում»,-գրում է Քոհենը:

Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ Ցյուրիխում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ստեղծված երկու Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան ԼՂ հարցը որպես նախապայման դրեց։ Իրականում Արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա։ Սակայն Թուրքիայի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու հանձնառությունն Ալիևին շատ անհանգստացրեց:

«Ադրբեջանից եկած կոշտ արձագանքներից հետո, Էրդողանը, մեկնելով Բաքու, հայտարարեց, որ քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, Երևանի հետ կարգավորման գործընթաց չի սկսվելու:

Այդպիով՝ Բաքվի հետ ճգնաժամը նվազեց, սակայն այս անգամ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը զրոյական դարձավ»,-գրում է հեղինակը:

Ինչպես նշվում է հոդվածում, Անկարայի համոզմամբ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնվի, Երևանի հետ խոչընդոտները կվերանան։ Սակայն 20 տարվա հակամարտության դեպքում մինչև անգամ մի փոքր առաջընթաց չի նկատվել: «ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծում է փնտրում, սակայն այդպես էլ չի գտնում։ Երևանը մտադիր չէ այդ հողերը վերադարձնել Բաքվին... Այս իրավիճակում Հայաստանի հետ հարաբերություններ սկսելը հնարավոր չի թվում, եթե Ղարաբաղի հարցում հրաշք տեղի չունենա։ Սակայն ամեն դեպքում, թուրքական դիվանագիտությունն այդ գործը հեշտացնելու համար ջանքեր է գործադրում։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ հանդիպումներ են տեղի ունենում»,-գրում է Սամի Քոհենը, փոխանցում է Tert.am-ը: