Իրանի գազի ազգային ընկերությունը սնանկացել է

Իրանի գազի ազգային ընկերությունը սնանկացել է

PanARMENIAN.Net - Իրանի գազի National Iranian Gas Company ազգային ընկերությունը հայտարարել է սնանկության մասին, հայտնել է ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արակին: Ընկերության պարտքը կազմում է 100 տրլն ռիալ կամ 4 մլրդ դոլար, հայտնում է Mehr գործակալությունը:

Ընկերության մամլո ծառայությունը դեռ չի հաստատել սնանկությունը, գրում է The Wall Street Journal-ը: Սակայն տեղական մամուլը մեջբերում է երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքերն այն մասին, որ գազի ընկերությունը «կազմալուծված է»:

Գազի ընկերությունն Իրանի դեմ պատժամիջոցների զոհ դարձավ, քանի որ Արևմուտքի պատժամիջոցներից ամենից շատ տուժեց էներգետիկ ոլորտը:

Իրանը երկրորդն է աշխարհում գազի պաշարներով՝ նրան է պատկանում համաշխարհային պաշարների 15 տոկոսը: Իրանը գազ է արտահանում Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան: 2012 թվականին Իրանն օրական 10,5 մլն դոլար էր վաստակում գազի վաճառքից: Իրանը հուսով էր, որ կկարողանա գազ արտահանել Եվրոպա, սակայն պատժամիջոցների պատճառով դա չհաջողվեց:

ԵՄ կողմից 2010-ին սահմանված պատժամիջոցները փաստացի արգելափակեցին նոր տեխնոլոգիաներն Իրանի համար, որոնք օգտագործվում են խտացրած գազի արտահանման համար: LNG բոլոր նախագծերը սառեցվեցին: Իրանը կարող է գազ արտահանել միայն խողովակաշարով, ինչը սահմանափակում է վաճառքը:

Եթե պատժամիջոցները հանվեին, իսկ Իրանը զարգացներ իր հանքավայրերը, ապա տարեկան գազի արդյունահանումից կարող էր ստանալ մոտ 130 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նավթի արտահանման եկամուտը: Ընդ որում գազի վաճառքը չի սահմանափակվում պատժամիջոցներով, սակայն խոշոր ընկերությունները՝ Shell և Total-ը հրաժարվում են մշակել հանքավայրերը:

Երկրի եկամուտի հիմնական աղբյուրը մնում է նավթը, սակայն 2012 թ. արտահանումը նվազում է: Իրանի տնտեսությունը ողբալի վիճակում է, գնաճը տարեկան կտրվածքով հասնում է 40 տոկոսի, ռիալը վերջին երկու տարում երկու անգամ էժանացել է արևմտյան բանկերում:

Պատժամիջոցները միանգամայն հաջողվեցին: Արևմտյան գործիչներից ոմանք հորդորում են խստացնել դրանք, սակայն ԱՄՆ նախագահ Օբաման դեռ փորձում է համոզել Կոնգրեսին բանակցել Իրանի հետ:

Իրանը պատրաստ է զիջումների գնալ, եթե Արևմուտքը մեղմի պատժամիջոցները: Իրանը փորձում է ապացուցել, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և համաձայն է սահմանափակել ուրանի հարստացումը 20 տոկոսով: Ճիշտ է, պարսիկները ցանկանում են, որ Արևմուտքը ճանաչի Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքը, գրում է «Ֆինմարկետը»:

2004 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:

Հայաստանը 2012 թվականին ներմուծել է 2455,5 մլն խմ գազ, որից Ռուսաստանից՝ 1967,2 խմ, Իրանից՝ 488,3 խմ:

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997 թվականին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով: «Գազպրոմ» ԲԲԸ մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի« կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---