6 դեկտեմբերի 2013 - 13:30 AMT
Վաֆա Գուլուզադե. Իրանի նավթի նախարարի հայտարարությունը գների անկման մասին քաղաքական դրդապատճառներ ունի

Իրանի նավթի նախարարի հայտարարությունը նավթի գների անկման մասին քաղաքական դրդապատճառներ ունի: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Համաշխարհային դիվանագիտության մեջ սովորաբար մի խումբ երկրներ պայմանավորվածության են գալիս մեկ այլ խմբի դեմ: Եթե նախկինում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ցանկանում էին պայմանավորվել Իրանի դեմ, ապա հիմա, հավանաբար, Իրանը խորամանկեց ու պայմանավորվում է Վաշինգտոնի հետ Ռուսաստանի դեմ:

Նավթի գների անկումը համաշխարհային շուկայում մինչև 70 դոլար, տնտեսական աղետ կդառնա առաջին հերթին Ռուսաստանի համար: ԱՄՆ համար միևնույն է, ինչ կլինի Սաուդյան Արաբիայի, Քաթարի կամ ԱՄԷ հետ, ԱՄՆ համար կարևոր են սեփական շահերը, որոնք ենթադրում են Ռուսաստանի թուլացում: Վերջերս Ռուսաստանը չափազանց ագրեսիվ էր, և հավանաբար, նրանք որոշեցին Մոսկվային իր տեղը ցույց տալ: Նավթային խաղի վրա հենվելը ի սկզբանե անհեռանկար էր, բայց Ռուսաստանը գնաց դրան: Հակառակ դեպքում Լավրովը շտապ չէր մեկնի Թեհրան՝ համոզելու Իրանին չնվազեցնել նավթի գները»,-ասել է նա, գրում է haqqin.az-ը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն օրերս հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նվազեցնել նավթի սակագինը համաշխարհային շուկայում մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլարի:

Ներկա դրությամբ Իրանը կարող է համաշխարհային շուկա արտահանել ընդամենը 1 մլն բարել նավթ օրական: Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում, Իրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է միջուկային էներգիան օգտագործել զուտ խաղաղ նպատակով:Փոխարենը պատժամիջոցներն Իրանի դեմ կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար, երբ բանակցությունները կշարունակվեն, հասնելու համար վերջնական պայմանավորվածությունների խաղաղ միջուկային գործունեության պարամետրերի մասին: