24 դեկտեմբերի 2013 - 10:51 AMT
Մոսկվայում կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները կքննարկեն Մաքսային միության անդամ երկրների ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մինչև 2015 թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության կազմավորման աշխատանքների ընթացքը: Կքննարկվեն նաև եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Ղրղզստանի ու Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման ու իրականացման հարցերը:

Խորհրդին հրավիրված է նաև Ուկրաինայի վարչապետը, որը մասնակցում է նիստին որպես դիտորդ, հայտնում է ՌԲԿ-ն: Նիստի ավարտին նախատեսվում է համատեղ որոշումներ ստորագրել միասնական մաքսային քաղաքականության, բնական մենաշնորհների ու մրցակցության կանոնների կանոնակարգման ոլորտներում:

Բացի այդ, ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Խորհրդի անդամ պետությունների ղեկավարների հետ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կքննարկվի «Բայկոնոււր» համալիրի հետագա օգտագործմանն առնչվող հարցեր:

Պուտին-Լուկաշենկո երկկողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում: