24 դեկտեմբերի 2013 - 11:34 AMT
Եգիպտոսի վարչապետ. «Մահմեդական եղբայրներն» ահաբեկիչներ են

Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բեբլավին «Մահմեդական եղբայրներ» շարժումն անվանել է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է AFP-ն՝ կառավարության մամլո ծառայության վրա հղումով: Ալ Բեբլավին հայտարարությունն արել է Մանսուր քաղաքում ահաբեկչական գործողությունից մի քանի ժամ անց, որտեղ ոստիկանության վարչության մոտ մեքենա է պայթեցվել: Ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի վիրավորվել է:

Ահաբեկչության զոհերի մեծ մասը Մանսուրում իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Ահաբեկչության համար պատասխանատվությունը չի ստանձնել Եգիպտոսում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը: 2013 թվականի սեպտեմբերին եգիպտական դատարանն արգելեց «Մահմեդական եղբայրների» գործունեությունը, որոնք բողոքում էին հուլիսի սկզբին նախագահ Մուրսիի պաշտոնանկության դեմ:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: