9 հունվարի 2014 - 14:16 AMT
Եվրամիությունը մտահոգված է Թուրքիայի իրադարձություններով

Եվրամիությունը մտահոգված է Թուրքիայում ոստիկանների պաշտոնանկություններով և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների մասին բոլոր, այդ թվում իշխանությունների հայտարարությունները, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Բային:

«Բազմաթիվ ոստիկանների պաշտոնանկությունը, որի գագաթնակետը դարձավ Անկարայում 350 ոստիկանների հրաժարականը, մտահոգություն է առաջացնում: Մենք պահանջում ենք Թուրքիայից որպես թեկնածու երկրից, ստանձնել ԵՄ-ին անդամակցելու չափանիշների կատարումը՝ ներառյալ իրավական պետության չափանիշներն, ու ամեն ինչ անել, որպեսզի բոլոր հայտարարությունները, այդ թվում որոշ պաշտոնյաների խախտումների մասին անխտիր ու անաչառ քննվեն»,-ասել է նա, գրում է Zaman-ը:

Անկարայում շուրջ 350 ոստիկան է աշխատանքից ազատվել, այդ թվում գլխավոր ոստիկանական բաժանմունքների պետերը, ինչպես նաև երկրի 16 գավառների գլխավոր ոստիկանական դեպարտամենտների պետերը խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով: Կառավարությունը պաշտոններից հեռացրել է ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինների պետերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշտոնանկությունները տեղի են ունեցել խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնի վրա, որի համար առիթ հանդիսացավ անցած տարվա դեկտեմբերի 17-ին մի քանի տասնյակ պաշտոնյաների ու նրանց հարազատների ձերբակալությունը: Նրանց կասկածում են պետական մրցույթների հետ կապված մեքենայությունների, պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կաշառակերության մեջ: Կառավարության երեք անդամներ, որոնց որդիները ներքաշված են սկանդալի մեջ, հրաժարական են տվել: Ձերբակալություններից մեկ շաբաթ անց վարչապետ Էրդողանը տասը նախարարի փոխեց: