Ժխտելով հայոց ցեղասպանությունը Թուրքիան նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն աշխարհում

PanARMENIAN.Net - Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը` հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված եւ ըստ էության, քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության: Այս մասին ասվում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում: Նրա խոսքերով, Հայաստանն այսօր` երրորդ հազարամյակ թեւակոխած աշխարհում, առաջնահերթ խնդիր է դիտում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորումը եւ ողջունում մարդկությանը նետված նման մարտահրավերները միասնական ջանքերով դիմակայելու բազմաթիվ պետությունների ձգտումը: Վարչապետը նշել է, որ ողջունելի է, որ տարեցտարի ընդլայնվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող երկրների աշխարհագրությունը, քանզի քաղաքակիրթ աշխարհը գիտակցում է, որ այդ ոճրագործության դատապարտմամբ եւ պատմական փաստերին իրական գնահատական տալով է հնարավոր միայն հետագայում կանխարգելել այդօրինակ ոճրագործությունները:



«Ցեղասպանության ժխտումը, փաստերը խեղաթյուրելու, իրողությունը մոռացության մատնելու եւ սեփական պատմության ամոթալի էջերը վերհանող ու դատապարտող հատուկենտ թուրք մտավորականներին լռեցնելու այսօրվա Թուրքիայի ջանքերը ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլեւ անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում նոր հանցագործությունների իրագործումն աշխարհում»,-ընդգծել է Ա.Մարգարյանը:



Վարչապետը նշել է նաեւ, որ «այս տարի, երբ նշում ենք մեր անկախության 15-րդ տարեդարձը, մեզ համար առավել քան ակնհայտ է, որ միայն միջազգային հանրության ջանքերը բավարար չեն կանխելու համար մի ամբողջ ազգի դեմ ուղղված ոճրագործությունը, անհրաժեշտ է նաեւ համախմբել ազգի ամբողջ ներուժը` Հայոց պետությունը հզորացնելու եւ բարգավաճ ու ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն կերտելու համար: Նա ընդգծեց, որ անցած 15 տարիներին մեր ջանքերն ուղղված են եղել այս նպատակին, եւ տարեցտարի զգալի են դառնում ձեռքբերումներն այս ուղղությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---