Ա.Ղուկասյան. 2006 թվականը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարի

PanARMENIAN.Net - 2006 թվականը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարի: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, հայ ազգի հիմնական նպատակներից մեկն այն է, որ Ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի կողմից: «Ես համոզված եմ, որ դա անպայման տեղի կունենա: 20-րդ դարը ողբերգական դար էր հայ ժողովրդի համար, եւ ես հուսով եմ, որ 21-րդ դարը մենք կդարձնենք հայության դար»,-ասել է ԼՂՀ նախագահը:



Իր հերթին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ուշադրության կենտրոնում: «Կարծում եմ, որ այդ գործընթացը վերաբերում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի, որը պետք է իր լուման ներդնի այդ գործընթացում»,-հայտարարել է նա: Ըստ Ա.Ղուլյանի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր առկա միջխորհրդարանական կապերը ցեղասպանության միջազգային ճանաչման համար: «Լռության պատը քանդված է, եւ ես կարծում եմ, որ հաջորդ տարիներին Ցեղասպանությունը համընդհանուր ճանաչում կստանա»,-հայտարարել է Ա.Ղուլյանը:



ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի խոսքերով, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ կհաստատի իր հարեւանների հետ եւ կճանաչվի միջազգային հանրության կողմից որպես ժողովրդավարական պետություն: «Գտնում եմ, որ պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ճիշտ մոտեցում ունեն իրականության հանդեպ»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, ոգեկոչելով մեր հայրենակիցների հիշատակը, հայերը պետք է գիտակցեն ազգի միասնության անհրաժեշտությունը: «Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմության մեջ եղած բոլոր բացթողումներից եւ թերություններից, ընտրենք ճշմարիտ ուղի եւ տանենք ազգը դեպի հզորություն եւ բարդավաճում»,-ընդգծել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---