29 հունվարի 2014 - 17:13 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվում վստահ են, որ Վրաստանը հայկական լոբբիի ազդեցության տակ է

Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) իր գոյությունն արդարացնելու համար այլ բան չկարողանալով հորինել` օրերս նամակ է գրել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Պարզ է՝ նամակը հայերի մասին էր, ավելի ճիշտ հայկական լոբբիի ազդեցության մասին Վրաստանի հասարակական-քաղաքական կայնքի վրա: Հայտարարության հեղինակները հորդորում են Վրաստանի կառավարությանը կողմնորոշվել, թե ում կողմից են նրանք՝ Հայաստանի թե Ադրբեջանի՝ շեշտելով, որ ադրբեջանցիները Վրաստանում բազմաչարչար կյանքով են ապրում, որոնց խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: «Տեղական իշխանությունների պաշտոնյաներից շատերը հայկական լոբբիի ազդեցության տակ են գտնվում: Ադրբեջանական բնակավայրերը վերանվանվում են վրացականի»,-ասվում է հայտարարության մեջ: Դիտարկումն, առնվազն, կասկածելի է. դե եթե հայերը ազդեցության այդքան լծակներ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ բնակավայրերը հայեցի անուններ ստանային, ոչ դե վրացական: Սակայն ՂԱԿ-ը ակնհայտորեն դա համարում է «հայկական լոբբիի գաղտնի մտադրությունը». հետագայում վրացական գյուղերին հնարավոր կլինի հայկական տեղանուններ տալ:

Ուղղակի հաճույք ես ստանում նման «հայտարարություններն» ընթերցելիս. երբեք չգիտես` ուր կտանի Ակիֆ Նաղիի «պայծառ» միտքը, որը ՂԱԿ ղեկավար լինելով, ոչ մի անգամ չի եղել Ղարաբաղում և շատ աղոտ է պատկերացնում, թե ինչ տեսք ունի զենքը: Այնուհետև դիմումի հեղինակները հայտարարում են, թե «Վրաստանում հայ ազգայնամոլները շատ ազատ հակաադրբեջանական քաղաքականություն են վարում և տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիների հարցում կառավարության քաղաքականությունը որոշում է հայկական լոբբին Առնոլդ Ստեփանյանի գլխավորությամբ»: Ի դեպ, տարբեր պետություններին մեղադրել, ասելով թե նրանք գտնվում են հայկական լոբբիի ազդեցության տակ, առնվազն անհարգալից է այդ պետությունների հանդեպ: Իսկ ըստ Ադրբեջանի, դրանց քանակը քիչ չէ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, հիմա էլ Վրաստանը:

ՂԱԿ-ը թվարկում է այն ամենն, ինչ մտադիր է անել Վրաստանի կառավարությունը, մասնավորապես, շուկա բացել Թեկալի գյուղի մոտ, ևս մեկ ճանապարհ կառուցել դեպի Հայաստան, «սխալ» զատել հայ-վրացական սահմանը: Ճիշտ է, ուղերձում ասվում է, որ «հեղինակները հեռու են Վրաստանի ներքին գործերին միջամտելու ցանկությունից և կողմ են իրական բարեկամական հարաբերություններին Ադրբեջանի ու Վրաստանի միջև»: «Վրաստանն ու վրացիներին մենք միշտ բարեկամ ենք համարել, սակայն երկու հարևան երկրների բարեկամությունը սպառնալիքի տակ է: Ադրբեջանն, ի հեճուկս Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, միշտ սատարել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, սակայն Վրաստանի կառավարությունը «սիրախաղ է» սկսել Հայաստանի հետ»:

Այս հայտարարությունը, ինչպես և բազում այլ հայտարարություններ, հավանաբար այդպես էլ կմնա ադրբեջանական ԶԼՄ-ներում որպես նմուշ՝ թե ինչպես չի կարելի հայտնել սեփական դիրքորոշումը: Բայց, Բաքվում, հավանաբար, այլ կերպ չեն կարող: Այս հարցում մեկ բան է հետաքրքիր. ո՞վ է կարդում այս բոլոր հայտարարություններն, անշուշտ, հեղինակներից ու լրագրողներից բացի: Հավանաբար, Վրաստանի նախագահն ինքը կարող է որոշել ինչ անել և հայերն այս դեպքում մտադիր չեն որևէ բան նրան հուշել, ի տարբերություն ադրբեջանցիների: Սակայն, ՂԱԿ-ին և այլոց հարկավոր է հիշեցնել, որ Մարգվելաշվիլին այժմ Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելով է զբաղված և վերջինիս հիշատակումը հայտարարության մեջ այնքան էլ կոռեկտ չէ՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի պարագայում: Եվ իհարկե Ադրբեջանի համար նույնպես:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net