Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` (ՎԶԵԲ) առաջին անգամ հայկական դրամով պարտատոմսեր է տեղաբաշխել Հայաստանում գործող միակ` NASDAQ OMX Արմենիա բորսայում` հայտնել է բանկն իր կայքում: Հունվարի 31-ին կատարված տեղաբաշխումն առաջին օտարերկրյա փոխառուի կամ միջազգային ֆինանսական հաստատության պարտատոմսերի հրապարակային աճուրդն է Հայաստանում: 2 մլրդ դրամի մեկ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխումը նպաստելու է տեղական կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես և միջոցներ է ապահովելու ՎԶԵԲ-ի համար` Հայաստանում դրամով վարկեր տրամադրելու համար` համոզված են բանկում:
«Սա շատ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար և ուղի է բացում կապիտալի ներգրավման համար նրանց համար, ովքեր ցանկանում են հայկական դրամով վարկեր ուղղել իրական տնտեսություն, ինչով էլ ապահովություն են երաշխավորում վարկառուների համար, որոնք ցանկանում են խուսափել արտարժութային ռիսկից»,- ասել է Մարկ Դևիսը` ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:
Տեղաբաշխման խորհրդատուներն ու գործակալներն են եղել «Ամերիաբանկն» ու «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»: Դրամային պարտատոմսերով ՎԶԵԲ-ում փորձում են աջակցել Հայաստանի իշխանություններին տնտեսության դոլարիզացիան նվազեցնելու գործում ու խթանելու դրամով խնայողությունների ավելացմանը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման տեսնակյունից սա նաև հնարավորություն է ֆոնդերի կառավարիչների համար` կուտակված միջոցները Հայաստանում տարբեր պարտատոմսերով դիվերսիֆիկացնելու համար:
Իր առաջին տեղական արտարժույթով պարտատոմսերի թողարկումը ՎԶԵԲ-ն արել է 1994-ին Հունգարիայում Ֆորինտ բորսայում:
Դրամով առաջին վարկը ՎԶԵԲ-ը Հայաստանում տրամադրել է 2010-ին, հետագայում ավելացնելով վարկերի թիվը մինչև 22-ի` ընդհանուր 67 մլրդ 860 մլն դրամ (մոտ 170 մլն դոլար): Վերջին վարկը` 12,5 մլն դոլար, տրվել է Ամերիաբանկին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ու էներգաարդյունավետության ծրագրերի վարկավորման համար: 66 երկրներում գործող ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1991-ից` օգնելով դիվերսիֆիկացնել տնտեսությունը` տարբեր ոլորտներում ներդրումներ անելով: Վարկերին զուգահեռ ` բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 656 մլն եվրո 120 ծրագրերում: ՎԶԵԲ-ին անդամակցում են 66 երկիր՝ ներառյալ Հայաստանը: