Փետրվարի 14-ին ՌԴ մշակույթի նախարարության Արվեստագիտության պետական ինստիտուտում ներկայացվել է Արմեն Ղազարյանի «Անդրկովկասի երկրների VII դարի եկեղեցական ճարտարապետությունը. ավանդույթների ձևավորումն ու զարգացումը» (4 հատոր, Մ., 2012-2013) մենագրությունը: Քառահատոր հրատարակությունը Հայաստանի, Արևելյան Վրաստանի ու Կովկասյան Աղվանքի ճարտարապետությանը նվիրված իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է, որն անդրադառնում է նրա առաջին ծաղկման շրջանին, երբ ձևավորվեցին մոնումենտալ կառույցների օրիգինալ տիպերն ու մշակվեց հատուկ գեղարվեստական լեզու:
Աշխատանքն աննախադեպ է նյութի ծավալով ու վերլուծությամբ, եզակի է իր մեթոդաբանությամբ, ներկայացնում է այդ տարածաշրջանի ճարտարապետությունը նորովի, որպես միասնական ու նշանակալի երևույթ, որը չէր զատվում ըստ պատվիրատուների ու վարպետների ազգային պատկանելության: Առաջին անգամ ամբողջ ծավալով հետազոտվել է Անդրկովկասի երկրների քրիստոնեական տաճարների կառուցվածքի ու կերպարների գենեզիսի խնդիրը՝ հաշվի առնելով նրանց մշակույթների փոխազդեցությունը ուշ անտիկ դարաշրջանի ավանդույթների հետ: Աշխատանքի նորարարական բնույթն ու ստեղծված կարծրատիպերի դեմ ուղղվածությունը նշվում են հրատարակության ներածականում, որը գրել է հայտնի արևելագետ Շարիֆ Շուկուրովը: Հակառակ տարածաշրջանի միջնադարյա ճարտարապետության էվոլյուցիոն և հաճախ ավտոխտոն գործընթացի մասին պատկերացմանը, բացահայտվում է ստեղծագործական դրսևորումների բազմազանությունն ու կոնցեպտուալ գեղարվեստական ծրագրերի իրականացումը:
Հետազոտության համար անհրաժեշտ հիմք է ծառայել բոլոր հատորների համար նախատեսված այդ դարաշրջանի հուշարձանների կատալոգը: Գիրքը հիանալի է հրատարակված, ունի մոտ 2700 պատկեր, ներառյալ հեղինակի գծագրերն ու չափագրումները, հուշարձանների վերականգնված պատկերներն ու լուսանկարները, գիրքը նաև մեծ ռեզյումե ունի անգլերեն լեզվով: Հետազոտությունը, որի գաղափարն ի սկզբանե ստացավ հեղինակի գիտական ղեկավար Ալեքսեյ Կեմեչի հավանությունը, անց է կացվել Արվեստագիտության պետական ինստիտուտի Հին ռուսական արվեստի բաժնում 2001 թվականից սկսած: Աշխատանքի առանձին ասպեկտեներ ուսումնասիրվել են Հունաստանի Օնասիսի և Արվեստի պատմության գերմանական ինստիտուտի, Ֆլորենցիայի Մաքս Պլանկի ինստիտուտի դրամաշնորհների շրջանակում: Քառահատորի հրատարակումը հնարավոր դարձավ շնորհիվ ՌԴ վաստակավոր շինարար Վարդգես Արծրունու աջակցության:
Շնորհանդեսին հեղինակը ներկայացրել է իր հետազոտության առանձնահատկությունները:
Արմեն Ղազարյանը ճարտարապետ է, արվեստագիտության դոկտոր, ՌԴ մշակույթի նախարարության Արվեստագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ճարտարապետության ու քաղաքաշինության տեսության ու պատմության ԳԱԱ բաժնի վարիչ, «Ճարտարապետություն 2013» XXI միջազգային փառատոնի Ոսկե նշանի մրցանակակիր, «Ճարտարապետական ժառանգություն» հանդեսի խմբագրության անդամ:
Փետրվարի 5-ին Մոսկվայի Հրեական թանգարանում ու հանդուրժողականության կենտրոնում «Էթնիկ Մոսկվան և օտարերկրացիները ԽՍՀՄ-ում 1920-30 թթ.» դասախոսությունների շարքի շրջանակում «Հայկական Մոսկվա» դասախոսություն է: