Երկրապահների համագումարը, պարտադիր կուտակայինը, արտագաղթը, ՄՄ-ն ու գազի 20%-ը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարն էր: Ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, չնայած նախորոք հայտարարվել էր, որ չեն հրավիրվելու: Ներկա չէին միայն ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից»: ԵԿՄ ՀԿ-ն ստեղծվել է 1993-ի հուլիսին: Ունի զինանշան, մարտական դրոշ ու օրհներգ: Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են աջակցել երկրի կայացմանն ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, օժանդակել ՀՀ ԶՈւ հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման: ԵԿՄ-ին կարող է անդամակցել յուրաքանչյուր քաղաքացի, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, աջակցում է այդ գործընթացին և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, դրա նպատակներն ու խնդիրները: ԵԿՄ հիմնադիր համագումարին միության նախագահ էր ընտրվել և մինչև իր մահը` 1999-ը, այն ղեկավարել էր Վազգեն Սարգսյանը: Նույն տարի գումարված միության 4-րդ համագումարի որոշմամբ սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտարարվել էր ԵԿՄ հավերժ նախագահ: Նույն համագումարում ԵԿՄ վարչության նախագահ էր ընտրվել, այնուհետեւ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ համագումարներում վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: ՀՀ հիմնով ու աղոթքով մեկնարկած ԵԿՄ համագումարին 2050 պատվիրակից ներկա էր 2041-ը: Ընտրվեցին նախագահության, քարտուղարության, հաշվիչ և խմբագրական հանձնաժողովներ, գրում է Tert.am-ը։ Բացելով համագումարը, գեներալ Մանվել Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Մեր մարտական ընկերների պատգամն էր՝ պահպանել ազատ, անկախ Արցախը, վստահ եղեք երկրապահն իր առաքելությունը կատարել, կատարում և կատարելու է: Արցախն արդեն անկախ պետություն է»: Ավելի ուշ գեներալ Մանվելը կրկին վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում, դեմ ու ձեռնպահ ոչ ոք չքվեարկեց: Ողջունելով հավաքվածներին, նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրահրվող միջադեպերին: Երկրի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու համար ոչ կարողություն, ոչ էլ հնարավորություն չունի, իսկ սահմանի վրա դիմում է մարդասպանությունների՝ հետապնդելով մի քանի նպատակ: «Քսան տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք էինք կագնում, երբեմն, չնեղանաք, ավելի լավ, քան մենք: Այն խոսակցությունները, թե իբր մեր երիտասարդները պակաս հայրենասեր են, միայն խոսակցություններ են»,- նախագահի խոսքերն է մեջբերում Panorama.am-ը: Իր հերթին այս թեմային իր ելույթում անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, հակառակորդն այլևս չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները, թշնամին ուժ չունի խոստովանելու իր թուլությունը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի և նրա ընկերների առջև: Վերջին շրջանում թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: «Պատմություն ու ավանդույթներ չի կարող հարգել այն պետությունը, որը պատմություն, ավանդութներ ու ավանդույթների պատմություն ուղղակի չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ ամեն ինչ անելու է՝ ՀՀ անվտանգության երաշխավոր բանակի հիմքերն էլ ավելի ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն իր ելույթույմ անդրադարձավ նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում վերջերս հասարակությունում ամենաշոշափվող թեմաներից մեկին՝ պարտադիր կուտակայինին: Հայաստանի ղեկավարի խոսքով, «հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումների» նպատակը «ռազմավարական անորոշությունները» կրճատելն է, ու այս առումով կարևորագույն նշանակություն ունեն կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: 2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի: Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք դիմել էին ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքի մի շարք դրույթներ: Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը: Նախագահ Սարգսյանի համոզմանբ, պետությունը պիտի օգնի երիտասարդին, որ տարիներ անց ինքն իրեն օգնություն հասցնի. «Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը»,- ասաց նա՝ հավելելով, թե չնայած տեղյակ է՝ որ բնակչության 80%-ը դեմ է, բայց որևէ մեծ խնդիր այստեղ չի տեսնում: Նախագահի խոսքով ՝ չկա պետություն, որտեղ բարեփոխումները հանդարտ են անցել, առանց դժգոհության: «Երկար քննարկել ու գիտակցաբար ենք գնացել այս քայլին: Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն: Նույնիսկ ամենախիստ քննադատողներն ասում են, որ պետք են, բայց այս թեզը սխալ է, սխալ ժամանակ ենք ընտրել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա Կառավարությունը որոշել է հենց այսօր այդ խնդրին լուծում տալ, ինչին ինքը սատարումն է: Պատասխանելով երկրապահների հարցերին, նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության իրավիճակին: Երկրի ղեկավարի խոսքով, այն 2013-ին իր չափով զիջել է 2012-ի տնտեսական աճին: Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8% տնտեսական աճ, սակայն այսօր իրական աճը գնահատվում է 2,1%, Ռուսաստանի համար կանխատեսվում է 3,7%, իրականն ու նախնականը՝ 1,5%, իսկ ահա Եվրագոտու համար կանխատեսվում է -0,2% էր, նախնականը՝ -0,4%: «Ամենուրեք տարբեր պատճառներով աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՝ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ: Այնպես որ, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ»,- ասաց նախագահը: Նա հավելեց, որ երկրի տնտեսությունում անհանգստացնող միտումներ կան, օրինակ՝ ներդրումների կրճատումը, ինչըբացատրում են համաշխարհային տենդենցներով, երբ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են զարգացած երկրներ: «Երկրորդը՝ 2013-ը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ, այնտեղ քիչ ներդրումներ: Ամեն դեպքում, 2014-ի համար ավելի մեծ տնտեսական աճ եմ ակնկալում»,- ընդգծեց Հայաստանի նախագահը: Մեկ այլ երկրապահի խնդրանքով նախագահն անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին՝ նշելով, որ չի ընդունում այս պրոբլեմի լուծումը «ծնկները ծեծելով»:Նախագահի խոսքով, արտագաղթը ժամանակավոր բնույթի է, չնայած մյուս կողմից տարբեր ժամանակահատվածում այն զարգացման տարբեր միտումներ ունի: «Եթե 1992-ին մեր երկիրը լքել է երկու հարյուր հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է, 2001-ին, ենթադրենք՝ 60 հազար մարդ է լքել, բայց, հետագա տարիներին այս պրոցեսը դանադաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վերածվել է ներգաղթի»: Նախագահի համոզմամբ, խնդրի լուծումը կախված է միասին աշխատելու պատրասատակամությունից. «Պրոբլեմոը չի լուծվում լաց ու կոծով, չի լուծվում շահարկումով, այն լուծվում է աշխատանքով: Բոլորս միասին պետք է աշխատենք»,- ասաց նախագահը: Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից, նախագահը նշեց, որ արդեն կա որոշակիություն, կոնկետ ծրագրեր և դրանք հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: «Եթե 2013-ին մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղեցման ֆոնին ունեցել ենք արտահանման 7,2 % աճ, ապա անդամակցելով ՄՄ-ին` շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7,2 %-ի «առյուծի բաժինն» ընկնում է հենց միությանն անդամ երկրներին` կոնկրետ Ռուսաստանի դաշնություն արտահանումը 2013-ին ավելացրել ենք 20 %-ով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ այս անդամակցությունը տնտեսության զարգացման անսպառ հնարավորություններ է ընձեռում: Երկրապահներին հետաքրքրող հարցերից էին նաև գազային պայմանագրերը. դրանք էությունը, ըստ երկրի ղեկավարի, առաջին հերթին գազի գինն է: «Հանրությունում տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատերը, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտություն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել, ոմանք կատաղությունից փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ»,- ասաց նախագահ Սարգսյանը: Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը: Անդրադառնալով տարեվերջին «Գազպրոմին» վաճառված 20% բաժնեմասին, նախագահն ասաց՝ եթե հիմա ինչ-որ մեկն այդ 20%-ի համար տա 100 միլիոն դոլար, ապա ինքը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, հետ վերցնել և այդ 20%-ը տալ այդ մարդուն: «Մեզ հարցնում են, թե ինչու մրցույթ չեք անցկացրել: Իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ ասելու եմ: Եթե այդ մրցույթը անցկացնեինք և այս 20%-ն արժենար 30 միլիոն, ո՞նց էինք սաղացնելու այդ 20%-ը այդ 150 միլիոնով»,- նշեց Սերժ Սարգսյանը: Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։ Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։ Արդենհամագումարից հետո դրա մասնակիցներնայցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպելռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |