Կառավարության իմպիչմենթը, կուտակային ռեֆորմն ու փոքր բիզնեսի հարկերը․ ԲՀԿ համագումարի արդյունքները![]() ![]() PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 15-ին, նույնպես համագումար ուներ, ուր կուսակցության անդամներից ոմանք եկել էին Երկրապահ կամավորական միության համագումարից։ Սա արդեն ԲՀԿ 7-րդ համագումարն է։ Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ համագումարի առաջին նիստը դռնփակ էր։ Մեկ ժամից ոչ ավելի տևած նիստի ավարտից հետո ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ համագումարը որոշել է բավարարվել միայն մեկ նիստով, որի ընթացքում կազմավորվել է ԲՀԿ նոր քաղխորհուրդ՝ 201 անդամով: Համագումարին ներկա 58 տարածքային ներկայացուցիչների և մյուս կուսակցականների կողմից ԲՀԿ նախագահ է միաձայն վերընտրվել միակ առաջադրված թեկնածուն՝ Գագիկ Ծառուկյանը, գրում է «Առավոտը»: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդը նշել է, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ստացած մոտ կես միլիոն ձայնը, ինչպես պարզվեց, բավարար չէր` ԲՀԿ-ի պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: «Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով սեփական ծրագրերն իրականացնելու հնարավորություն: Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ: Միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը: Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին: «Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք»,- իր ելույթում նշել է Գագիկ Ծառուկյանը: Պետության առաջ «կանգնած ծանր խնդիրների շարքին» ԲՀԿ առաջնորդն իր ելույթում դասել է նաև պարտադիր կուտակայինի ներդրումը․ «Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»- ասել է Ծառուկյանը՝ նշելով, որ մոտ 250 հազար մարդ ամսական վաստակում է մինչև 120 հազար դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6 հազար դրամը «մարդկանցից տանում են»: «Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել»,- ասել է ԲՀԿ առաջնորդը: 2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի: Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք դիմել էին ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքի մի շարք դրույթներ: Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը: Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորական միավորման համագումարում իր ելույթույմ անդրադարձել է պարտադիր կուտակայինին: Հայաստանի ղեկավարի խոսքով, «հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումների» նպատակը «ռազմավարական անորոշությունները» կրճատելն է, ու այս առումով կարևորագույն նշանակություն ունեն կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: Նախագահ Սարգսյանի համոզմանբ, պետությունը պիտի օգնի երիտասարդին, որ տարիներ անց ինքն իրեն օգնություն հասցնի. «Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը»,- ասել է նախագահը՝ հավելելով, թե չնայած տեղյակ է՝ որ բնակչության 80%-ը դեմ է, բայց որևէ մեծ խնդիր այստեղ չի տեսնում: Ծառուկյանն իր ելույթում ներկայացրել է նաև կուսակցության տեսակետը փոքր ու միջին բիզնեսով զբաղնողների վերաբերյալ։ Ըստ ԲՀԿ առաջնորդի, անհատական փոքր բիզնեսով զբաղվողները պետք է ունենան հարկային արտոնություններ և «ազատվեն ավելորդ քաշքշուկներից», օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը և այլոք: «Անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում: Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա»,- ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ: Իսկ միջին բիզնեսի մասին ԲՀԿ նախագահը նշել է, որ դրա զարգացումն ու նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարևոր է, քան այն գումարները, «որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե»: «Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի հետ քննարկում է վարչապետին ու կառավարությանն ինպիչմենթեի հարցը, ունի վարչապետի սեփական թեկնածու, լակոնիկ պատասխանել է. «Վստահ եղեք՝ մենք գիտենք՝ որն է հաջորդ քայլը», գրում է Tert.am-ը: Իր հերթին ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն ասել է, որ օրակարգում Կառավարության իմպիչմենթի խնդիրն է, որի վերաբերյալ քաղաքական 4 ուժերը կարողանում են համախմբվել։ «Այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության հայեցողության ներքով է․ դրանք են, օրինակ՝ պարտադիր կուտակայինը, գազը, արտագաղթը։ Այս ամենը վերաբերում է գործադիրի աշխատանքին»,- ասել է Օսկանյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու չեն պահանջի նախագահի հրաժարականը, պատգամավորն ասել է, որ ոչինչ չեն բացառում. «Լավ գիտենք՝ ովքեր են երկրի իրավիճակի գլխավոր պատասխանտուները»։ Իսկ Նաիրա Զոհրաբյանը նույն հարցին տվել է հետևյալ պատասխանը․ «Չկա հարց, որը խորհրդարանական 4 ուժերը չքննարկեն։ Հայաստանում չկա մի պաշտոնյա, ով կարող է մտածել, որ ժառանգաբար է ստացել պաշտոնը»։ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը: Խմբակցությունները փետրվարի 12-ին փակ քննարկում էին անցկացրել, որից ընդառաջ պայմանավորվել էին` յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակից ելքը: Քննարկման ավարտին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այն արդյունավետ էր համարել, բայց այլ մանրամասներ չէր ներկայացրել: Նրա տեղեկացմամբ, առաջիկա օրերին խմբակցությունները ներկայացված նախագծերը կքննարկեն նաև իրենց կուսակցթւոյթւններում ու արդեն հաջորդ աշխատանքային հանդիպմանը վերջնական որոշումը կկայացնեն։ Քննարկմանը մասնակցում են ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»` Ռուբիկ Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |