Ցեղասպանագետները բողոքում են ՄԻԵԴ որոշման դեմ

Ցեղասպանագետները բողոքում են ՄԻԵԴ որոշման դեմ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

«Չենք դիտարկում հարցն արտահայտվելու ազատության տեսակետից: Համամիտ ենք, որ դա բաց, ժողովրդավարական հասարակության անբաժան մասն է: Սակայն, մեզ մտահոգում են Դատարանի փաստարկները, որն անտեղյակ է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին փաստերին:

ՄԻԵԴ որոշման մեջ ասվում է, որ. 1. դժվար է ապացուցել Ցեղասպանության փաստն իրավունքի տեսակետից, 2. դատարանը կասկածում է, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ կարող է ընդհանուր համաձայնություն լինել՝ հաշվի առնելով, որ պատմական հետազոտությունները բաց են եղել քննարկման համար և բանավեճի առարկա դարձել և չեն հանգեցրել վերջնական եզրակացության կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտության հաստատման: Դատարանն օգտագործում է «թեժ բանավեճ» կապակցությունն ըստ Հայոց ցեղասպանության շուրջ ընթացիկ քաղաքական իրավիճակի»,- ասվում է նամակում:

Հեղինակները նշում են, որ ցեղասպանագետ գիտնականների մեծ մասը, իսկ նրանք հարյուրավոր անկախ գիտնականներ են, որոնք կապ չունեն կառավարությունների հետ և տասնամյակներ շարունակ հետազոտություններ են անում, չեն կասկածում, որ հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում համապատասխանում են ցեղասպանությունը սահմանող ՄԱԿ 2 հոդվածի բոլոր դրույթներին:

«1997-ին Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիան ( IAGS) բանաձև ընդունեց՝ հայերի կոտորածը միաձայն ցեղասպանություն ճանաչելով: Անցումային շրջանի արդարադատության հարցերի միջազգային կենտրոնը (ICTJ) 2003-ին վերլուծություն էր պատրաստել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համար՝ հայտարարելով, որ «1915-ի իրադարձությունները ներառում են ցեղասպանություն ոճրագործության բոլոր տարրերը, որոնք սահմանված են Կոնվենցիայում (UNCPPCG ):

2000-ին Հոլոքոսթի գծով 100 առաջատար գիտնական խնդրագիր էր ստորագրել, ուղղված The New York Times-ին՝ հաստատելով, որ 1915-ի իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն և պահանջեցին, որպեսզի համաշխարհային հանրությունը ճանաչի այն: 2005-ի հունիսին IAGS բաց նամակ հղեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ նույնպես կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ХХ դարում երեք ցեղասպանություն է եղել՝ Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, Հոլոքոսթն ու թութսիների ցեղասպանությունը Ռուանդայում: Հայերի ոչնչացումը կենտրոնական տեղ է գրավում Ռաֆայել Լեմկինի ստեղծած ցեղասպանության հայեցակարգում՝ որպես միջազգային իրավունքում ամրագրված հանցագործություն, և հենց Լեմկինն առաջին անգամ օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը 1944-ին:

ՄԻԵԴ այն գաղափարը, թե ցեղասպանություն կարող են համարվել միայն իրադարձությունները Ռուանդայում ու Սրեբրենիցեում, քանի որ դատապարտվել են Հաագայի միջազգային դատարանի կողմից, անլիարժեք է: Ցեղասպանագետ գիտնականները պատմական իրադարձությունները որակել են ցեղասպանություն, հիմնվելով տասնամյակների հետազոտությունների արդյունքների վրա, և երկու հանցագործություններն էլ՝ կատարված 1915-ի օսմանցի թուրքերի կողմից հայերի դեմ, և 1940-ին գերմանացի նացիստների կողմից հրեաների դեմ, ճանաչվել են ցեղասպանություն ըստ Լեմկինի: Միջազգային իրավունքը նման հանցագործությունների համար չի ճանաչում վաղեմության ժամկետ»,- նշել են նամակի հեղինակները, գրում է The Armenian Weekly-ն:

2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Դողու Փերինչեկն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը: Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան դիմել էր Շվեյցարիայի դատարան վերջինիս արտահայտությունների կապակցությամբ: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեկին ճանաչեց մեղավոր ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվեց 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեկը հանդես եկավ հայցով՝ բողոքարկելով այդ որոշումը, պահանջելով լրացուցիչ հետազոտություններ այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը նույն թվականի հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեկը բողոքարկեց դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատեց որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:

Փերինչեկը դիմեց ՄԻԵԴ, հղում կատարելով որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը, քննելով նրա բողոքը, հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի հանդիսանում», -ասվում է դատարանի որոշման մեջ:

«ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար խոսքի ազատության խախտման քողի տակ: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:

ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Նամակը ստորագրել են համաշխարհային ճանաչում ունեցող Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի հայտնի մասնագետներ՝ Թաներ Աքչամը, Մարգարետ Լավինիան, Ջոյս Ափսելը, Յաիր Աուրոնը, Պիտեր Բալաքյանը, Աննեթ Բեքերը, Մատիաս Բյորնլունդը, Դոնալդ Բլոքսհեմը, Համիդ Բոզարսլանը, Քեթի Քարուն, Ֆրանկ Չալկը, Իսրայել Չարնին, Դեբորա Դվորկը, Էլեն Ֆեյնը, Մարչելո Ֆլորեսը, Դոննա Լի Ֆրեյզեն, Վոլֆգանգ Գուստը, Հերբերտ Գիրշը, Մարիաննա Գիրշը, Թեսա Հոֆմանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Կևորկյանը, Հանս-Լուկաս Կայզերը, Մարկ Լեվենը, Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը, Դեբորա Լիփստադը, Վենդի Լոուերը, Ռոբերտ Մելսոնը, Դոնալդ Միլլերը, Ա. Դիրք Մոզեսը, Ջեյմս Ռասսելը, Ռոջեր Սմիթը, Լեո Սպիցերը, Գրեգորի Սթենթոնը, Իվ Թերնոնը, Անրի Թերիլոն, Էրիկ Վեյցը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---