22 փետրվարի 2014 - 14:19 AMT
Վարչապետ. Դեպի ՄՄ ճանապարհի կեսը Հայաստանն արդեն անցել է

Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված միջոցառումների գրեթե կեսը Հայաստանն արդեն իրականացրել է, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսօրվա դրությամբ չկատարված միջոցառումներ չունենք, և, ըստ մեր գնահատականի, ՄՄ ճանապարհին նախատեսված աշխատանքների 50 տոկոսը Հայաստանն արդեն կատարել է»,- վարչապետն ասել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզը» ներառում է մոտ 260 միջոցառում, որոնք հստակ առանձնացրվել ենք ՀՀ կառավարության հաստատած մեծ պլանում, նշել է նա:

«Այդ պլանով աշխատում է 20 աշխատանքային խումբ, որոնք ղեկավարում են այս կամ այն ուղղության պատասխանատուները,- պարզաբանել է Սարգսյանը: -Ամեն շաբաթ նրանք հաշվետու են լինում վարչապետին կատարած աշխատանքի մասին»:

Գլխավոր հարցերից մեկը սակագների հետ կապված հարցն է: «Հիմնական խնդիրը, որն այսօր կանգնած է մեր առաջ, մաքսատուրքերն են»,- ասել է վարչապետը:

Փետրվարի 21-ին մեծ աշխատանքային խմբի հետ հանդիպում է եղել, որն աշխատում է ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ և ստեղծվել է չորս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ, և որին անդամակցում է մեր երկրի 8 ներկայացուցիչ, ինչպես նաև ՌԴ, Բելառուսի ու Ղազախստանի ներկայացուցիչները, ասել է վարչապետը:

«Հայաստան էր այցելել այդ աշխատանքային խմբի ղեկավար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան, որը եկել էր մի խումբ փորձագետների հետ և եզակի հնարավորություն ստեղծվեց «անցնել» ամբողջ «ճանապարհային քարտեզով»: Աշխատանքային խմբերի ղեկավարները հաշվետու եղան կատարած աշխատանքի մասին և ներկայացրին այն հարցերը, որոնք դեռ լուծման կարիք ունեն»:

Մեծ աշխատանքային խմբի ներկայացուցիչները շփվեցին հայ գործընկերների հետ յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ: «Նրանք դիտարկեցին Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» իրականացման գործընթացը, ծանոթացան կատարված աշխատանքին, ճշտեցին պարտավորությունների կատարման աստիճանը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Այսօր ինձ զեկուցեցին, որ արդյունքները դրական են, նաև ունենք մեր գործընկերների դրական եզրակացությունները կատարված աշխատանքի տեմպերի մասին»:

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ ոչ սակագնային կարգավորման ոլորտում, որի ընթացքում կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում ծագած խնդիրներն ու «ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունները:

Ըստ նրա` Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերի կատարման նպատակով ուսումնասիրվել, նախապատրաստվել և Եվրասիական տնտեսական հանձնաժողով է փոխանցվել Հայաստանի նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի փոփոխություններ կատարել ոչ սակագնային կարգավորման ոլորտում ՄՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Նշված փաստաթղթերը ԵՏՀ-ին հասանելի դարձնելու նպատակով ներկայումս թարգմանվում են և մինչև փետրվարի 20-ը կներկայացվեն հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ` ուսումնասիրելու և փետրվարի 25-26-ին Մոսկվայում հերթական հանդիպմանը դրանք քննարկելու:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացըշատ արագ է ընթանում: «Հիմա, երբ մշակվում են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր ասպեկտները, ակնհայտ է, որ գործընթացը շատ արագ է առաջ գնում, արդեն բազմիցս եմ օգտագործել հետևյալ արտահայտությունը՝ 7-մղոնանոց քայլերով»,- ասել է Վոլինկինը:

Ըստ գործադիրի ղեկավարի, Հայաստանը գիտի՝ ինչպես դա անել, այստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնց պետք չէ ամեն մի մանրուք բացատրել: «Նրանք գիտեն, թե ինչ է պետք անել, ինչ օրենսդրական, ենթաօրենսդրական ակտեր ու այլ իրավաբանական փաստաթղթեր ընդունել, ինչը մշակման կարիք ունի և ինչ խորությամբ: Հիմա այդ գործընթացը շատ արագ է գնում և միայն ուրախ կլինեմ, եթե այն ավարտին հասցվի որքան հնարավոր է սեղմ ժամկետում»,- ասել է ՌԴ դեսպանը:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: