Ադրբեջանական դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու ազերի ժողովրդին՝ խեղաթյուրելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը, հատկապես Աղդամի իրադարձությունների մասով, ասվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակել են մի շարք հեղինակավոր ամերիկյան ԶԼՄ-ներ՝ The Sacramento Bee, Digital Journal, One News Page, L.A. Biz, Ulitzer, The Street և այլն:
Խեղաթյուրելով ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ Ադրբեջանը փորձում է խոսափել հայերի ջարդերի համար պատասխանատվությունից Սումգայիթում 1988 թ. փետրվարին, Կիրովաբադում 1988 թ. նոյեմբերին, Բաքվում 1990 թ. հունվարին, Մարաղայում 1992 թ. ապրիլին և սեփական բնակչության կոտորածը Խոջալուում, ասվում է փաստաթղթում:
«Ադրբեջանը ձգտում է ներկայանալ զոհի դիմակով՝ հող նախապատրաստելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ևս մեկ պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Դեսպանատունը նշում է, որ Ադրբեջանը մերժում է բոլոր միջազգային կոչերը, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոչը՝ քննել 1992 թ. Աղդամի իրադարձությունները: «Այս դեպքում կարելի է միայն հարց տալ, ինչո՞ւ բոլոր նրանք, ում տեսակետը տարբերվում էր ադրբեջանական պաշտոնական վարկածից, կամ սպանվել են, ինչպես լրագրող Մուստաֆաևը, կամ ձերբակալված են, ինչպես լրագրող Ֆաթուլլաևը, կամ ենթարկվել են քաղաքական հալածանքների, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը»,-ասել են դեսպանատանը:
«Իրականում Խոջալու գյուղն ադրբեջանական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի կենտրոնում, որտեղից, ըստ Human Rights Watch-ի, ամիսներ շարունակ հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Անկանոն հարվածների ու դիպուկահարների կրակոցներից հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կամ հաշմվել: Քանդվել են բնակելի տներ, հիվանդանոցներ, ու օրինական ռազմական թիրախներ չհանդիսացող այլ շինություններ, իսկ տեղի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչության: Այդպիսով, ադրբեջանական կողմի կրակակետի ոչնչացումը կյանքի գին ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,-ասվում է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:
Ինչպես գրել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, «նույնիսկ հարվածից մի քանի օր առաջ հայերն անընդհատ զգուշացնում էին բնակչությանը պատրաստվող գործողության մասին բարձրախոսների միջոցով՝ առաջարկելով խաղաղ բնակիչներին հեռանալ քաղաքից հումանիտար միջանցքով: Խոջալուից փախստականների խոսքով, նրանք օգտվեցին միջանցքից, և իրոք, հայ զինվորները կրակ չբացեցին նրանց ուղղությամբ:
Այնուամենայնիվ, շարունակում է Ֆաթուլլաևը, «…Խոջալուի բնակիչների մի մասը սպանվեց յուրայինների (ադրբեջանցի զինվորականների) կողմից…Միտումնավոր դա արվեց, թե ոչ, պետք է բացահայտի քննությունը…Նրանց ինչ-որ անհայտ անձինք չեն սպանել, այլ սադրիչները Ադրբեջանի Ժողովրդական ճակատից…Դիակներն էլ իրենք էին այլանդակել…»:
Ըստ դեսպանատան հայտարարության, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրեց իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուի սպանությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Հատկապես Աղդամի մոտակայքում, որտեղ բավականաչափ ուժեր ու ժամանակ կար, մարդկանց օգնելու համար: Ինչպես վկայում են Խոջալուում փրկվածները, ամեն ինչ կազմակերպված էր հող ստեղծելու համար իմ պաշտոնանկության համար: Որոշ ուժեր ձգտում էին հեղինակազրկել նախագահին»:
«Այն փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձան Ադրբեջանում ներքաղաքական դաժան պայքարի զոհերը, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը, նրա հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովն ու այլոք»,-ասել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը:
Ադրբեջանը ղեկավարելու հույսերով լի Հեյդար Ալիևը այն ժամանակ հայտարարեց. «Արյունահեղությունը մեզ ձեռնատու է: Մենք չպետք է միջամտենք իրադարձությունների ընթացքին»:
«Էյնուլա Ֆաթուլլաևը, որը «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիրն էր, երկար տարիներ անցկացրեց բանտում զրպարտության մեղադրանքով: Նա դիմեց ՄԻԵԴ, որը որոշում կայացրեց առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նրան: Ի վերջո նա ազատ արձակվեց 2011-ին և շուտով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ չի փոխել իր տեսակետը Խոջալուի իրադարձությունների մասին, և որ «ադրբեջանական, ոչ թե հայկական ուժերն են, պատասխանատու Խոջալուում 1992 թ. սպանությունների համար»,-ասվում է փաստաթղթում:
ՀՀ դեսպանությունը հավելում է, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու պատմության խեղաթյուրումը, ինչպես նաև միլիարդավոր դոլարները, որ ծախսվում են հարձակողական զենք գնելու համար, լուրջ սպառնալիք են ստեղծում ողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, և միջազգային հանրությունը պետք է համարժեք դիմակայի դրան, հայտնում է Panorama.am-ը:
Նշենք, որ ադրբեջանական կողմն ուժ, եռանդ ու փող չի խնայում և չի խորշում ոչ մի բանից միջազգային հանրությանը Խոջալուի իրադարձությունների իր վարկածը պարտադրելու համար: «Ուղեղները լվանալու» համար օգտագործվում է քարոզչական գրականություն, կեղծված փաստաթղթեր, որպես «փաստագրական ապացույցներ» են հանդես գալիս լուսանկարները, որոնք արվել են Հարավսլավիայում, Կոսովոյում, արաբական երկրներում, և նույնիսկ 20-րդ դարասկզբի մարդկանց արխիվային լուսանկարներ: Ընդ որում Բաքուն շատ ցավագին է արձագանքում Խոջալուի մասին ցանկացած հայտարարության, որը հակասում է ադրբեջանական միֆին: Օրինակ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել Twitter-ում՝ նվիրված Խոջալուի իրադարձությունների տարելիցին: «Խոջալուի ողբերգության տարելիցի օրը մենք հիշեցնում ենք, որ բռնությունը չի կարող պատասխան լինել: Բոլոր կողմերը պետք է ջանադրաբար աշխատեն խաղաղության հասնելու համար», գրել էր նա: Արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Ի պատասխան Ուորլիքին Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ուորլիքը նաև իր կարծիքն է հայտնել Twitter-ի էջում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ՝ նշելով, որ «Twitter-ը Խոջալուի քննարկման տեղը չէ»:
«Ես չեմ կարողանա այս ամենն ասել պարոն Ուորլիքին Twitter-ում, քանի որ այնտեղ կարելի է ընդամենը 120 տառից բաղկացած ուղերձ զետեղել: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության իրողություններին»,-ասել է Ազիմովը: